«Հրապարակ». Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա։ Ընդ որում` զանգել են երեկ առավոտյան, անսպասելի կանչել` առանց տեղեկացնելու նպատակի մասին: Ոմանք ենթադրում են, որ 6 տարի դեսպան աշխատած Կոպիրկինին հետ են կանչում Մոսկվա, բայց կարծիք կա նաեւ, որ կանչում են ինստրուկտաժի՝ որոշել են Հայաստանում տարվող քաղաքականությունը փոխել: Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց. «Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները` ոչ մեր կողմից, ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել․․․ սակայն այդ պատերազմն իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել», այլ Հայաստան պետությունը ոչնչացնելու:
Իսկ երեկ նա հերթական հակառուսական դեմարշն արեց, հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է 2027-ին ընդունել ԱՊՀ խաղերը։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրեց, որ 2027-ին Հայաստանում մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված:
Մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի մշակութային եւ մարզական խաղերն են լինելու, նաեւ՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը եւ Համահայկական խաղերը»: