top of page

Երևանում․ «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտնային ցուցանակը ու հայտնվել մայթին․ պարեկները փնտրում են վարորդին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 12, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան- Աբովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթանալով հայտնվել ստորգետնյա անցման աստիճաններին և հետիոտնի համար նախատեսված վայրում՝ կոտրելով նաև հետիոտնային ցուցանակը։


Մինչ կժամանեին պարեկներն ու փրկարարները, ըստ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկության, ավտոմեքենայից 2 հոգի` 18-19 տարեկան տղաներ, դուրս են եկել և լքել դեպքի վայրը։



Պարեկները մոտ 2 ժամ փնտրում էին նշված անձանց, սակայն ապարդյուն։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանում 2 քաղաքացի, ովքեր ներկայանում են, որ ավտոմեքենան պատկանում է իրենց, ինչից հետո պարեկները ավտոմեքենան ի պահ են հանձնում նրանց։



Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ  միջոցառումներ` վարորդին  հայտնաբերելու ուղղությամբ։ 

1/3213
bottom of page