top of page

Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 15, 2024
  • 2 min read
ree

Հիստերոսկոպիան ախտորոշիչ միջամտություն է, որը թույլ է տալիս բժշկին զննել արգանդի խոռոչը, իսկ որոշ դեպքերում՝ կատարել բուժական միջամտություններ փոքր էնդոսկոպի՝ հիստերոսկոպի օգնությամբ:

Հիստերոսկոպիան օգտագործվում է արգանդի հետ կապված խնդիրներն ախտորոշելիս կամ բուժելիս:

Բժիշկը կարող է հիստերոսկոպիա նշանակել՝ ուսուսմնասիրելու արգանդի հետ կապված այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են առատ դաշտանը, ոչ նորմալ արյունահոսությունը, ֆիբրոիդները (արգանդի միոմա), պոլիպները կամ անպտղությունը: Ավելին, արգանդի հետ կապված որոշ վիճակներ կարող են բուժվել հիստերոսկոպիայի ընթացքում:

Նշանակած այցից առաջ, առնվազն, 6 ժամվա ընթացքում չպետք է որևէ սնունդ կամ հեղուկ ընդունել: Դեղեր ընդունելու պարագայում, այդ մասին պետք է տեղեկացնել բժշկին, որպեսզի  վերջինս հաստատի՝ շարունակելու եք դրանք ստանալ, թե ոչ: Բժիշկը կարող է նաև առաջարկել, որ մինչև միջամտությունը սովորական ցավազրկողներ օգտագործեք:

Նման հետազոտությւոնից առաջ, կարևոր է ազատորեն տալ բոլոր հուզող հարցերը, որպեսզի առաջարկված հիստերոսկոպիայի զննումը լինի առավելապես հարմարավետ և ձեր համաձայնությամբ։

Մինչև միջամտությունը, հիվանդին կապահովեն տեղային, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանուր անզգայացմամբ (անեսթեզիա): Կխնդրեն պառկել «ներքին զննման» դիրքով (մեջքի վրա, ոտքերը բարձրացված և միմյանցից հեռացված):

Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է վերցնել և լաբորատոր հետազոտության ուղարկել արգանդի լորձաթաղանթի փոքր նմուշ (բիոպսիա): Նույն կերպ, բժիշկը կարող է հիստերոսկոպիայի ընթացքում կատարել որոշ պարզ բուժական միջամտություններ (օրինակ՝ փոքր պոլիպների հեռացում, տարբեր ներարգանդային միջոցների տեղադրում կամ հակաբեղմնավորիչ միջոցների իմպլանտացիա):

Հիստերոսկոպիայից հետո բուժանձնակազմը վերահսկում է հիվանդին այնքան ժամանակ, քանի դեռ անզգայացնող դեղերի ազդեցությունները չեն վերացել և ինքնազգացողությունը կայուն նորմալ է: Այս դեղերի ազդեցության թուլացման հետ բուժառուն կարող է զգալ որոշ ցավեր, որի դեպքում բժիշկը նշանակում է ցավազրկողներ:

Բժշկի կողմից տրվող ցուցումները առաջիկա 24 ժամվա ընթացքում՝

խուսափել ավտոմեքենա վարելուց,

որևէ ծանր գործ կատարելուց,

ծանր վարժանքներ կատարելուց,

սեռական հարաբերությունից (48 ժամվա ընթացքում):

Հիստերոսկոպիան սովորաբար անվտանգ միջամտություն է: Բազմաթիվ կանանց մոտ առաջիկա 2-7 օրվա ընթացքում կարող է ի հայտ գալ դաշտանին նմանվող արյունահոսություն: Կարող է նաև զգացվել որոշակի անհարմարավետություն կամ թույլ կծկանքանման ցավեր:

Այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինել բարդությունների առաջացման որոշ նշանների հանդեպ. եթե առկա են ջերմության բարձրացում, ուժեղ ցավեր, անսովոր հեշտոցային արտադրություն կամ առատ արյունահոսություն, պետք է անհապաղ տեղեկացնել այդ մասին բուժող բժշկին:

bottom of page