Ամեն ինչ պետք է անենք, որ «փրկագնով» բանակից ազատվելու մասին հակասահմանադրական օրենքը չընդունվի․ Գեղամ Մանուկյան
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 1 min read
«Հայրենիքը սակարան չէ, ծառայությունը բոլորիս պարտքն է»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ քննադատելով գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը։
«Այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած «փրկագնով» բանակից ազատվելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի վաղ առավոտյան, ժամը 9։00-ին քննարկվելու է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։
Պատրաստվում եմ այդ անկյունադարձային նիստին։ Ամեն ինչ պետք է անենք, որ հակասահմանադրական օրենքը չընդունվի, սրանով չփլուզվի մեր պաշտպանական, անվտանգային համակարգը, հայրենիքը չդառնա փող, փողատերը՝ «արտոնյալ», շինականը՝ պարտավոր։
Մանրակրկիտ, փաստարկներով պատրասվում եմ հապշտապ հրավիրվելիք նիստին՝ հանուն մեր երկրի, ապագայի, Զինված ուժերի, մեր հազարավոր նահատակների ու այս պահին Հայրենիքի առաջ, դժվարին պայմաններում իրենց պարտքը կատարող ու բոլորիս խաղաղությունն ապահովող դիրքապահի։
Երկուշաբթի թեժ է լինելու։ Հետևեք նիստին։
Լուսանկարը երկու տարի առաջ լուսահոգի ընկերս՝ Մհեր Սահակայնն էր արել ՀՀ ԶՈՒ ամենաբարձրադիր մարտական հենակետերից մեկում, ուր հերթական այցի ժամանակ ճաշ պատրաստեցի, ու արդեն 2 ամիս այդ դիրքում հերթապահող զինվորների հետ միասին ճաշեցինք։ Հպարտ էի նրանցով ու պայքար՝ նաև հանուն նրանց ծառայության։ Կհանդիպենք»։