top of page

«Կրոկուս»-ում ահաբեկչության ժամանակ տղամարդը վնասազերծել է ահաբեկչին․ նա առաջադրված է գերատեսչական պարգևի


Crocus City Hall-ում տեղի ունեցած իրադարձություններին ներկա տղամարդը հարձակվել է ահաբեկիչներից մեկի վրա, վերցրել նրա ինքնաձիգը, խզակոթով հարվածել նրան և փրկել տասնյակ մարդկանց, պատմել է իրադարձությունների ականատես Ելենան՝  հաղորդում է «База» Telegram ալիքը։

61-ամյա Ելենան համերգին եկել էր դստեր ու ծանոթի հետ։ Երբ հրաձգություն է սկսվել, հանդիսատեսներից շատերն այն շփոթել են հրավառության հետ, բայց հետո նրա ծանոթն ասել է, որ պետք է հեռանալ։

Ըստ ականատեսի, բազմաթիվ մարդիկ վազել են դեպի բեմը, քանի որ այդ կողմում պահեստային ելք է եղել։ Ավելի ուշ կինը տեսել է ահաբեկչին, որը մոտ հեռավորությունից գնդակահարում էր բոլոր նրանց, ովքեր վազում էին այդ ուղղությամբ։

Ելենան թաքնվել ու սպասել է, իսկ երբ կրակոցները մի փոքր նվազել են, տեսել է, որ մի տղամարդ ցատկել է ահաբեկչի վրա, վերցրել նրա ինքնաձիգը, տապալել ու խզակոթով հարվածել է նրան։

«Տղամարդը ցատկեց նրա վրա։ Ես չտեսա, թե ինչպես դա արեց, ես միայն տեսա, թե ինչպես է նա արդեն խլել ինքնաձիգը և խզակոթով խփում է նրան»,- պատմել է Ելենան։

Ըստ նրա, այդ պահին բեմի մոտ արդեն մի քանի սպանված մարդիկ էին ընկած։ Ելենայի վկայությամբ, երիտասարդի արարքի շնորհիվ մի քանի տասնյակ մարդ կարողացել է դուրս գալ շենքից։ Ընդ որում, կինը չգիտի, թե արդյոք տղամարդը ողջ է մնացել, քանի որ դահլիճից դուրս գալուց հետո այնտեղ կրկին կրակոցներ են լսվել։

«Նա ուղղակի հնարավորություն տվեց բոլորիս անցնել բեմով, պահեստային ելքով բոլորս դուրս վազեցինք փողոց։ Նա փրկեց շատ մարդկանց։ Ես չգիտեմ, արդյոք նա ողջ է մնացել…», - ասել է նա:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի  նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է Crocus City Hall համերգասրահում ահաբեկիչներից մեկին վնասազերծած տղամարդուն առաջադրել գերատեսչական պարգևի, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։

«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հրահանգել է, որ Crocus City Hall համերգասրահում ահաբեկիչներից մեկին անձնուրաց կերպով վնասազերծած մարդուն առաջադրեն գերատեսչական պարգևի։ Ահաբեկչության ժամանակ դահլիճում ներկաներից մեկն անօրինակ խիզախություն է ցուցաբերել։ Տղամարդը, փորձելով պաշտպանել կնոջը մարդկանց վրա կրակող ահաբեկիչներից, հարձակվել է նրանցից մեկի վրա և վնասազերծել նրան։ Նա իր ակտիվ ու վճռական գործողություններով փրկել է այդ պահին իրեն շրջապատող մարդկանց կյանքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Comments


bottom of page