top of page

Որտե՞ղ է փոքրիկ Տիգրանը․ ի՞նչ է կատարվում Մարմարիկ գյուղում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read

Փոքրիկ Տիգրանին, 13 օրից ավելի է, չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ ո՛չ նորություն կա, ո՛չ ռեալ վարկած, թե ի՞նչ է կատարվել փոքրիկի հետ։

MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 17-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ 

Որոնողական աշխատանքները, հիմնականում, դադարեցվում են 10 օր հետո։ Արդյո՞ք ՆԳՆ կդադարեցնի որոնումները։«Ո՛չ, որոնողական աշխատանքները շարունակվում են, չնայած, որ 10 օրից ավել է անցել»,– MediaHub–ին ասացին ՆԳՆ–ից։

Նշենք, որ MediaHub–ը հետաքրքրվել էր ՆԳ նախարարի խոսնակից, թե արդյո՞ք նոր մեթոդներ չեն պատրաստվում կիրառել երեխային գտնելու համար, ինչին ի պատասխան Սարգսյանը նշել էր, որ, օրինակ, մանեկեն են գցել գետը․ «Այդպիսի փորձարկումներ էլ են եղել»։

Ըստ Սարգսյանի՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։

MediaHub–ն առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։

bottom of page