top of page

«Այցը կարելի է դիտարկել որպես Վաշինգթոնի ներգրավվածության ցուցիչ Հարավային Կովկասում»․ Սուրեն Սուրենյանց

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 2 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգթոն-Բաքու առանցքը և Երևանի սահմանափակ մանևրները.


ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցը կարելի է դիտարկել որպես Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության ցուցիչ Հարավային Կովկասում՝ հատկապես հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։


Բարձր մակարդակի նման այցելությունները, որպես կանոն, միտված են ոչ միայն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ներկայության պահպանմանը, այլև այս փուլում ձևավորվող նոր քաղաքական և տնտեսական ճարտարապետության ամերիկյան օրակարգի ամրագրմանը։


Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի հրապարակած հայտարարության բովանդակային վերլուծությունը բացահայտում է ԱՄՆ–Հայաստան և ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։ Հայտարարության մեջ Վաշինգտոն–Բաքու ուղղությամբ հստակ ձևակերպվում են նյութական և գործնական համագործակցության բաղադրիչներ՝ ռազմավարական գործընկերության խորացում, պաշտպանական արտադրանքի վաճառք և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնում։ Այս մոտեցումը բնորոշ է սուբյեկտ–սուբյեկտ հարաբերություններին, որտեղ կողմերը հանդես են գալիս որպես փոխադարձ շահերով առաջնորդվող և քաղաքական որոշումների համատեղ ձևավորման ունակ դերակատարներ։


Հայաստանի պարագայում, սակայն, համագործակցության առաջարկվող ուղղությունները հիմնականում ունեն տեխնոլոգիական և երկարաժամկետ բնույթ՝ մասնավորապես խաղաղ միջուկային ոլորտում հնարավոր համագործակցության ձևաչափով։ Թեև նման նախաձեռնությունները կարող են ունենալ տնտեսական և ինստիտուցիոնալ նշանակություն, դրանք անմիջական ազդեցություն չեն թողնում տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա և չեն ապահովում քաղաքական ազդեցության համարժեք լծակներ։


Այս համատեքստում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» ներկայացվում է ոչ թե որպես Հայաստանի նախաձեռնողական մասնակցությամբ ձևավորվող ռազմավարական նախագիծ, այլ որպես ամերիկյան գլոբալ օրակարգի բաղադրիչ, որտեղ Հայաստանին վերապահվում է առավելապես գործառնական կամ սպասարկող դեր։


Նշված մոտեցումը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակում է հանդես գալ գործընթացների օբյեկտի կարգավիճակում՝ սահմանափակ մասնակցություն ունենալով տարածաշրջանային օրակարգի ձևավորման և որոշումների ընդունման փուլերում։ Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգթոն–Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով։


Այս կառուցվածքային անհամաչափությունը համակարգային բնույթ ունի և չի ձևավորվել տվյալ այցի կամ հայտարարության շրջանակում։ Այն արդեն ակնհայտ էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Դոնալդ Թրամփ հանդիպման ընթացքում, երբ քաղաքական սիմվոլիկան և բանակցային գործընթացի փաստացի արդյունքները կրկին չէին արտացոլում Հայաստանի սուբյեկտային դերակատարության որակական աճ։


Ամփոփելով ԱՄՆ փոխնախագահի այցը, կարելի է գնահատել որպես դիվանագիտական ակտիվության դրսևորում, սակայն այն ինքնին չի վերափոխում ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների կառուցվածքային տրամաբանությունը։ Քանի դեռ այդ հարաբերությունները չեն համալրվում հստակ քաղաքական, անվտանգային և ռազմավարական փոխադարձ շահերի համակարգով, Հայաստանը կմնա տարածաշրջանային գործընթացների առավելապես օբյեկտային դիրքում՝ անկախ բարձր մակարդակի հայտարարություններից և խորհրդանշական դիվանագիտական քայլերից»։

 
 
bottom of page