«Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել-հասել է Սաղմոսավանք` Տեր Օշին քահանային խրատելու, թե` «խելքդ գլուխդ հավաքիր»: Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:
«Որեւէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ, եւ ՀՀ-ում բոլորը, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց, եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին»,- հայտարարել էր ԱԺ փոխնախագահն ու արշավել Սաղմոսավանք:
Նա քահանային նաեւ Քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել՝ ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում: Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխխոսնակի պահվածքը:
Մեզ ասացին, որ Տեր Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը, եւ անգամ ՔՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող էր Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեւոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։
Տեր Օշինը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ռուբինյանի պսակը ժամանակին ինքն է իրականացրել: Հարցրինք՝ Ռուբինյանն այն ժամանակ Քրեական օրենսգիրքն է իրեն հիշեցրել, ինչ-որ պրոցես տեղի ունեցե՞լ է այս շաբաթներին։ «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես խաղաղ, հանգիստ ապրում եմ»,- ասաց Տեր Օշինը:




















