ՔՊ-ն ավելի ագրեսիվ է դառնալու, եթե ընդդիմությունը հապաղի ակտիվ քայլեր անել. Աբրահամյան
- 1 day ago
- 2 min read

Գործող իշխանության օրոք արդարադատության համակարգից որևէ ակնկալիք ունենալ չի կարելի, քանի որ իրավիճակների գնահատումը կատարվում է ոչ թե օրենքների, Սահմանադրության և իրավական գործընթացների հիման վրա, այլ՝ իրավիճակային զարգացումների տրամաբանությամբ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորը եկել է՝ մասնակցելու Միքայել Սրբազանի գործով դատական վերջին նիստին։
Նրա խոսքով, Միքայել Սրբազանը արդեն մեկ տարի է անազատության մեջ է, թեև վերջին ամիսներին խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, սակայն դա ևս էական սահմանափակումներ է մտցրել բարձրաստիճան հոգևորականի գործունեության, ինչպես նաև տեղաշարժի առումով. «Թե ինչ կլինի դատարանում, ինչպիսի վճիռ կկայացվի, կարծում եմ՝ առանձնապես մեկնաբանման առարկա չէ»,-ասաց նա։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները հետընտրական փուլում փորձում են չեզոքացնել ընդդիմադիր ուժերի հնարավոր ակտիվությունը. «Հետընտրական փուլի յուրաքանչյուր օրը բավականին կարևոր է քաղաքական զարգացումների տեսանկյունից։ Մինչ ընդդիմադիր ուժերը փորձում են ընդհանուր պայքարի հարթակ ձևավորել, իշխանությունը, օգտագործելով պետական իշխանության բոլոր ռեսուրսները, որոնք, ի դեպ, ողջ ընտրական գործընթացում ակտիվ կիրառվել են, փորձում է այդ գործընթացները կամ պասիվացնել, կամ խաղից հանել այն բոլոր գործիչներին, որոնք կարող են ընդհանուր գործընթացի մաս դառնալ»,– ասաց նա։
Աբրահամյանի խոսքով, քաղաքական հետապնդումների են ենթարկվում գրեթե բոլոր իրական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։
«Այսօր նաև Դավիթ Համբարձումյանի գործով դատավճռի հրապարակման օրն է, բայց եթե նայում ենք ամբողջ ընդդիմադիր դաշտին, ապա չկա որևէ իրական ընդդիմադիր ուժ, որի տարբեր ներկայացուցիչներ կամ առաջնորդներ քաղաքական հետապնդումների չեն ենթարկվում։ Մի մասը դատական քաշքշուկների մեջ է, մի մասը տարբեր արգելքների փուլում է, մի մասն էլ բառացի գտնվում է անազատության մեջ։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ այս պահին գտնվում է անազատության մեջ։ Որքան ընդդիմությունը հապաղի ավելի ակտիվ գործողությունների հարցում, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են ավելի ագրեսիվ, և դրանց դրսևորումներից են լինելու նաև տարբեր անձանց կալանավորումները»,– ընդգծեց նա։
Խոսելով հնարավոր փողոցային պայքարի մասին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց՝ այն ենթադրում է հստակ քաղաքական տեխնոլոգիաներ և քայլերի հաջորդականություն։
«Փողոցային պայքարը հենց այնպես փողոց դուրս գալը չէ։ Պայքարի մեթոդներ կան, որոնք դասագրքային են, և եթե իրականության մեջ առաջնորդվում ես առկա քաղաքական տեխնոլոգիաներով, բնականաբար քո պայքարի արդյունավետությունը շատ ավելի մեծ է։ Ես չեմ կարծում, թե փողոցային պայքարը՝ լինի հավաքների, թե տարբեր ակցիաների միջոցով, անպայմանորեն պետք է հանգեցնի այն ռիսկերին, որոնք հաճախ մատնանշվում են։ Իհարկե, այն միշտ իր մեջ պարունակում է քաղաքական տարբեր ռիսկեր, բայց եթե առաջնորդվենք միայն այդ սպառնալիքներով, ապա ոչինչ չպետք է անել, պարզապես պետք է գնալ նստել տանը, ինչը բնականաբար անթույլատրելի է»,– նշեց նա։
Անդրադառնալով Գյումրիի շուրջ զարգացումներին՝ Աբրահամյանը դրանք գնահատեց իշխանության վարած քաղաքականության շարունակություն. «Վերջին երկու տարիներին իշխանությունը փորձել է խաղից հանել կամ մեկուսացնել բոլոր այն համայնքապետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ՔՊ-ական չեն եղել։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք քաղաքական այլ կողմնորոշում չեն ունեցել և պարզապես չեզոք դիրքում են եղել, տարբեր միջոցներով, այդ թվում՝ կալանքի սպառնալիքներով, փորձել են չեզոքացվել։ Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, ի սկզբանե իշխանության սրտով չի եղել, և իշխանությունը երկար ժամանակ աշխատում է այնտեղ ճգնաժամ ստեղծելու, ապա նաև արտահերթ գործընթացներ նախաձեռնելու ուղղությամբ։ Այսօրվա հայտարարությունը վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացների տրամաբանական շարունակությունն է»,– ասաց նա։




















