Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»
- 42 minutes ago
- 4 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի անդամների վերջին տարիների հայտարարագրերը՝ սկսած 2017 թվականից։ Եթե 2018 թվականին Տիգրան Ավինյանի տարեկան եկամուտը կազմում էր 13 մլն դրամ, ապա 2025 թվականի հայտարարագրում այդ թիվը 4.2 անգամ աճել է՝ դառնալով ավելի քան 57 մլն դրամ։ Սա հայտարարագրված եկամուտն է։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ավինյանի հայտարարագրերում տարեցտարի աճել են եկամուտները, կրիպտոակտիվները, իսկ ընտանիքի բիզնեսներն ու ակտիվները ևս ընդլայնվել են։
2017-2018 թվականներ․ առաջին հայտարարագրերից մինչև փոխվարչապետի պաշտոն
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տիգրան Ավինյանի առաջին հայտարարագրերը ներկայացվել են 2017-2018 թվականներին։ 2017 թվականին, երբ նա դեռևս պետական պաշտոն չէր զբաղեցնում և 28 տարեկան էր, հայտարարագրել էր շուրջ 30 մլն դրամ եկամուտ։ Քաղաքապետարանի ներկայացրած պարզաբանման համաձայն՝ հենց այդ ժամանակահատվածում Ավինյանն ու նրա հայրը շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում էին կատարել կրիպտոարժույթներում, իսկ հետագայում ընտանիքին պատկանող ընկերություններից մեկի միջոցով հիմնել էին արևային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիան օգտագործվում է կրիպտոարտադրության համար։
2018 թվականի իշխանափոխությունից հետո արդեն փոխվարչապետ նշանակված Ավինյանը հայտարարագրել էր մեկ ավտոտնակ, շուրջ 600 հազար դրամ և 2,475 ԱՄՆ դոլար բանկային միջոցներ, 7 հազար ԱՄՆ դոլարի արժեթղթեր, ինչպես նաև մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ։ Նույն տարվա տարեկան հայտարարագրում նրա եկամուտը կազմել էր 13 մլն 771 հազար դրամ։
2019 թվականին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ավինյանը հայտարարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ՝ 19,653,386 դրամ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ (2.00), իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,651,248 դրամ և 2,760 ԱՄՆ դոլար։
Ավինյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում նվիրատվությամբ ստացած ավտոտնակ՝ միանձնյա սեփականությամբ։
2020 թվականի հայտարարագրում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է վարչապետի աշխատակազմից ստացած 24,611,532 դրամ աշխատավարձ և 1,000,000 դրամ այլ եկամուտ։
2021 թվական
Փոխվարչապետի պաշտոնը թողնելու պահին Ավինյանը հայտարարագրել էր միայն ավտոտնակ, բանկային հաշիվներում՝ 1.65 մլն դրամ և երկու կրիպտոակտիվ։
Տարեկան աշխատավարձը կազմել էր 19 մլն 156 հազար դրամ։
2022 թվական
2022 թվականին Ավինյանը վաճառել է իր Honda մակնիշի ավտոմեքենան՝ 11 հազար ԱՄՆ դոլարով, իսկ նույն տարվա մայիսին հորից՝ Արմեն Ավինյանից, նվիրատվությամբ ստացել է 2021 թվականի արտադրության Volkswagen-ը։
Բանկային միջոցներն աճել են՝ 387 հազար դրամից հասնելով 1.89 մլն դրամի։
Bitcoin-ի քանակը 1 BTC-ից դարձել է 1.81 BTC։
2022 թվականի ընդհանուր դրամական եկամուտը կազմել է 38 մլն 523 հազար 851 դրամ։ Բացի այդ, նա հայտարարագրել է նաև 19.3 մլն դրամի բնամթերային նվիրատվություն՝ ավտոմեքենան։
Նա ստացել էր նաև՝
§ 11 մլն դրամ դրամական նվիրատվություն,
§ 13.2 մլն դրամ՝ «Հայբիզնեսբանկից»,
§ 5.2 մլն դրամ աշխատավարձ՝ ԶՊՄԿ-ից,
§ 3.7 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանից,
§ 5.4 մլն դրամ՝ Poolin-ից։
Հայտարարագրել էր նաև գրեթե 12 մլն դրամի՝ 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախս։
2023 թվական
Քաղաքապետ ընտրվելու տարում Ավինյանը վաճառել է իր միակ ավտոտնակը՝ 14 մլն 30 հազար դրամով, ինչից հետո սեփականության իրավունքով անշարժ գույք այլևս չի ունեցել։
Նույն թվականին բանկային հաշիվներում առկա գումարը 1.89 մլն դրամից հասել է 16.6 մլն դրամի։
Bitcoin-ի պաշարը կրկնապատկվել է՝ 1.81 BTC-ից դառնալով 3.62 BTC։
2023 թվականի եկամուտը կազմել է 45 մլն 403 հազար 342 դրամ, այդ թվում՝
§ 20 մլն դրամ աշխատավարձ,
§ 14.03 մլն դրամ՝ ավտոտնակի վաճառքից,
§ 11.3 մլն դրամ՝ Poolin-ից։
2024 թվական
2024 թվականին ևս նոր գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերել։
Բանկային հաշիվների մնացորդը նվազել է՝ 16.6 մլն դրամից հասնելով 13.7 մլն դրամի, իսկ կանխիկ միջոցներն աճել են՝ 17.8 մլն դրամից հասնելով 24.43 մլն դրամի։
Bitcoin-ի ծավալը մեկ տարվա ընթացքում աճել է՝ 3.62 BTC-ից մինչև 4.57 BTC։
Տարեկան եկամուտը կազմել է 54 մլն 624 հազար 109 դրամ, որից՝
§ 27.3 մլն դրամ՝ աշխատավարձ,
§ 24.3 մլն դրամ՝ Poolin-ից ստացված եկամուտ,
§ 2.98 մլն դրամ՝ այլ վճարումներ։
Նա նաև հայտարարագրել էր 4.3 մլն դրամի՝ 2 մլն դրամը գերազանցող միանվագ ծախս։
2025 թվական
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Ավինյանը նոր գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերել և ոչինչ չի օտարել։
Նա շարունակում է փաստացի բնակվել Երևանում գտնվող առանձնատանը, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն օգտագործում է ավելի քան 90 օր։ Սակայն որևէ տեղեկություն չկա, թե ում առանձնատանն է բնակվում Ավինյանը և արդյոք դրա համար վարձավճար վճարում է։
Քաղաքապետի միակ ավտոմեքենան շարունակում է մնալ 2021 թվականի արտադրության Volkswagen-ը, որը նվիրատվությամբ ստացել էր 2022 թվականին։ Թե ումից է ստացել՝ հայտարարագրից չի երևում։
Բանկային հաշիվներում գումարը մեկ տարվա ընթացքում նվազել է՝ 13.7 մլն դրամից հասնելով 5.86 մլն դրամի, կանխիկ միջոցները՝ 24.43 մլն դրամից դառնալով 20.89 մլն դրամ։
Փոխարենը շարունակել է աճել Bitcoin-ի պաշարը՝ 4.57 BTC-ից հասնելով 5.41 BTC-ի։ Նա նաև պահպանել է 5 Ethereum և 1,483 ADA Cardano կրիպտոակտիվները։
2025 թվականին Ավինյանի եկամուտը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմել է 57 մլն 671 հազար 356 դրամ, որից՝
§ 29.2 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձ,
§ 1.94 մլն դրամ՝ աշխատավարձին հավասարեցված վճարումներ,
§ 26.5 մլն դրամ՝ Poolin հարթակից ստացված եկամուտ։
Վարկեր, փոխառություններ կամ խոշոր ծախսեր նա չի հայտարարագրել։
Իսկ ի՞նչ է հայտարարագրել կինը
Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, 2025 թվականին ևս փաստացի օգտագործել է նույն առանձնատունը, պահպանել է 2017 թվականի արտադրության Range Rover ավտոմեքենան, շարունակել է ունենալ «Բարուր» և «Լավ Փրոդաքթս» ընկերություններում բաժնեմասեր։
Նա «Բարուր» ՍՊԸ-ին տրամադրել է 15 մլն դրամ անտոկոս փոխառություն։
Տարեվերջին նրա բանկային ավանդները կազմել են 44.5 մլն դրամ։
2025 թվականի եկամուտը կազմել է 4 մլն 976 հազար 465 դրամ, որից՝
§ 3.83 մլն դրամ՝ աշխատավարձ,
§ 1.15 մլն դրամ՝ տոկոսային եկամուտ։
Այսպիսով, Տիգրան Ավինյանի և Մարիամ Պահլավունու ընտանիքի 2025 թվականի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 62 մլն 647 հազար 821 դրամ։
Մայրը կես միլիոն դոլարով առանձնատուն է գնել
Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, 2024 թվականի նոյեմբերի 19-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Ագաթանգեղոսի փողոցում, գնել է 340 քմ մակերեսով եռահարկ առանձնատուն։ Ըստ փաստաթղթերի՝ առանձնատանը կից կա օժանդակ շինություն և 740 քմ մակերեսով հողամաս։ Առանձնատան արժեքը, ըստ շուկայական գնահատականների, կազմում է ավելի քան կես միլիոն դոլար՝ շուրջ 490 հազար ԱՄՆ դոլար։
Հայրը Սևանում մոտ 1 մլն դոլարանոց առանձնատուն է կառուցել
Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ ՕՊԵԼ մակնիշի ավտոմեքենաների վարորդների վերաբերյալ իր վիրավորական արտահայտությամբ, երբ ասել էր. «Ամեն համբալ իրա գեղի ՕՊԵԼ-ով չպիտի կարողանա քաղաքի կենտրոն մտնի», Շողակաթ գյուղում՝ Սևանա լճի ափին, կառուցել է շքեղ առանձնատուն։
Այն շուրջ 286 քմ մակերեսով առանձնատուն է՝ լողավազաններով, օժանդակ շինություններով, մոտ 2,000 քմ մակերեսով հողամասի վրա։ Տարբեր շինարարների գնահատականներով՝ այդ առանձնատան արժեքը, առանց կահավորանքի, կազմում է 600-700 հազար ԱՄՆ դոլար։
Այսպիսով, Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի գործերը, ըստ հրապարակված հայտարարագրերի, զգալիորեն ընդլայնվել են։ Միևնույն ժամանակ, հանրային դաշտում շարունակվում են տարբեր հրապարակումներ և հայտարարություններ՝ կապված ԱՆԻՖ հիմնադրամի գործունեության, շինթույլտվությունների և այլ թեմաների հետ, որոնց վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում։ Այս հարցերի առնչությամբ իրավասու մարմինների կողմից հրապարակված վերջնական իրավական գնահատականներ չկան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















