top of page

Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ


Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից և Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:


Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:


Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում աշխատում են փրկարարները:


Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է:


Կայքը հայտնում է, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիքսեթ Մանուկյանին և նշված գործարանում շաբաթներ առաջ էլ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել:


Կայքի տեղեկություններով՝ փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում, որտեղ փլուզվել է աղյուսե վառարանը, և մինչև հրշեջ-փրկարարների և Հատուկ փրկարարների ժամանումը՝ վիրավորներին օգնություն են ցուցաբերել գործարանի աշխատակիցները և իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:


Comments


bottom of page