Փետրվարի 1–ից EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը այլևս չեն իրականացնի «Վիվա Արմենիա»–ի բաժանորդների վճարումների ընդունում
- 2 hours ago
- 1 min read

Հարգելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպություններ, մասնավորապես՝ EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը, այլևս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։
Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ ՓԲԸ, ինչպես նաև՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ:
Ձեզ համար հարմար վճարման գործընթաց ապահովելու նպատակով ցանկանում ենք հիշեցնել, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները կարող եք շարունակել կատարել հետևյալ եղանակներով․
«My Viva» և «MobiDram» բջջային հավելվածների միջոցով
Viva-ի «Առցանց վճարման» էջի միջոցով
ՀՀ բանկային փոխանցմամբ
ՀՀ բանկերի մասնաճյուղերում և բանկոմատներով
ՀՀ բանկերի վճարային տերմինալների և օնլայն բանկինգի միջոցով
«Հայփոստի» փոստային բաժանմունքներում
«Լիցք» վաճառակետերի ցանցում
Դուք նաև կարող եք առանց որևէ վճարի ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդներից «Փողանցում» ծառայության միջոցով կամ ուղարկել Ձեր հաշվեկշռին եղած գումարը մտերիմներին, ովքեր դրա կարիքն ունեն: Այլ բաժանորդի գումար փոխանցելու համար Ձեր բջջային հեռախոսից պարզապես ուղարկեք 126բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը (օրինակ՝ 126093297111*500#) կամ օգտվեք «My Viva» հավելվածի «Փողանցում» ծառայության բաժնից:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների առավելապես էլեկտրոնային եղանակով կատարմանն ուղղված այս փոփոխությունները միտված են վճարային գործընթացների պարզեցմանը, արագացմանը և դրամական գործարքների թվայնացմանը։
Եթե վերը նշված վճարման եղանակներից որևէ մեկը տվյալ պահին հարմար չէ, առաջարկում ենք ակտիվացնել «Լիցք+» ծառայությունը, որի միջոցով կարող եք շարունակել օգտվել Viva-ի ծառայություններից մինչև 6000 դրամ սահմանաչափով՝ վճարումը կատարելով ավելի ուշ՝ վերոնշյալ եղանակներից որևէ մեկով։ Ծառայությունն ակտիվացնելու համար ուղարկեք *221# հրահանգը կամ օգտվեք «My Viva» հավելվածից:




















