top of page

Այս բույսի բաղադրիչը զսպում է կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի զարգացումը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 2 min read

Շվեդիայի Ումեոյի համալսարանի գիտնականները արևադարձային Munronia henryi բույսի մեջ հայտնաբերել են մի միացություն, որն ընդունակ է ընկճել կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկի՝ եռակի բացասական քաղցկեղի աճը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Acta Pharmaceutica Sinica B (APSB) ամսագրում։

Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղն աչքի է ընկնում արագ աճով, վաղ մետաստազավորմամբ և վատ է արձագանքում թիրախային թերապիայի գոյություն ունեցող տեսակներին։ Այդ իսկ պատճառով այս ենթատիպի նոր խոցելի կողմերի փնտրտուքը մնում է ուռուցքաբանության առանցքային խնդիրներից մեկը, հայտնում է news.am-ը։

Աշխատանքի ընթացքում հետազոտողները Munronia henryi-ից առանձնացրել են նախկինում անհայտ երկու լիմոնոիդ։ Դրանցից մեկը, որն ստացել է DHL-11 անվանումը, եռակի բացասական քաղցկեղի բջիջների վրա կատարված փորձարկումների ժամանակ արտահայտված հակաուռուցքային ակտիվություն է ցուցաբերել։

Պարզվել է, որ DHL-11-ը դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների բազմացումն ու միգրացիան, կանգնեցնում է բջջային ցիկլը և գործարկում բջիջների ծրագրավորված մահը: Միաժամանակ, միացությունն ուժեղացնում է թթվածնի ակտիվ ձևերի կուտակումը և ԴՆԹ-ի վնասումը. գործընթացներ, որոնք առավել վտանգավոր են արագ բաժանվող ուռուցքային բջիջների համար:

DHL-11-ի ազդեցության մեխանիզմը կապված է IMPDH2 սպիտակուցի հետ: Այս սպիտակուցը մասնակցում է գուանինի սինթեզին, որը ԴՆԹ-ի կառուցվածքային «աղյուսիկներից» մեկն է և ագրեսիվ ուռուցքներում այն հաճախ արտադրվում է չափից ավելի քանակությամբ: Գիտնականները ցույց են տվել, որ DHL-11-ը կապվում է IMPDH2-ի հետ և խաթարում դրա փոխազդեցությունը մեկ այլ սպիտակուցի հետ, որն անհրաժեշտ է ԴՆԹ-ի վերականգնման համար: Արդյունքում IMPDH2-ը քայքայվում է, գուանինի սինթեզը նվազում է, իսկ քաղցկեղային բջիջներում ԴՆԹ-ի վնասվածքները կուտակվում են:

Միացությունն արդյունավետորեն ընկճել է այն օրգանոիդների աճը, որոնք աճեցվել են IMPDH2-ի բարձր մակարդակ ունեցող պացիենտների ուռուցքներից, ինչպես նաև դանդաղեցրել է ուռուցքների աճն ու մետաստազավորումը լաբորատոր կենդանիների մոտ: Ընդ որում, թունավորության լուրջ նշաններ չեն հայտնաբերվել:

Հեղինակները կարծում են, որ DHL-11-ը կարող է հիմք դառնալ կրծքագեղձի IMPDH2-դրական եռակի բացասական քաղցկեղի դեմ ուղղված նոր դեղամիջոցների մշակման համար և ընդլայնել ուռուցքի այս առանձնահատուկ վտանգավոր ենթատիպի բուժման հնարավորությունները:

 
 
1/3317
bottom of page