«Նիկոլ Փաշինյա՛ն, Իջևանի մարգարիտը»՝ «դենդրոպարկը վերադարձրո՛ւ»․ Ոսկան Սարգսյան
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյան, «Իջևանի մարգարիտը»՝ դենդրոպարկը վերադարձրու։
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ Թատերական փողոցի 18/7 հասցեի 350.1 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ»։ Որ Իջևան համայնքին հողամասեր են վերադարձվում, լավ է։ Սակայն ճիշտ կլիներ, որ վերադարձվեր «Իջևանի մարգարիտը»՝ դեդրոպարկը, որը մասամբ չորացել, մասամբ՝ գինու գործարանին է տրվել իջևանցու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ 2020թ.-ից Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստև գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետևանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են շուրջ 25 000 տնկի, 1500-ից ավելի հազվագյուտ, արժեքավոր ծառեր ու թփեր, որոնիցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ՝ նախկին) Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ «Արգելապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ է գտնվում Իջևանի դենդրոպարկը։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով․ 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական գործը քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն քրեական գործով մեղադրվողներ չկան։ Անցած 4.5տարում իրավապահներն այդպես էլ չհայտնաբերեցին Աղստևի հունն ավերողին, այդ հունում ապօրինի մեծ պատ կառուցողին»։




















