Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպումից
- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում կգտնվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր տեղի կունենան ռուս-հայկական բանակցություններ, որից հետո երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն շփումը դեմ առ դեմ ձևաչափով՝ աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում պետք է տեղի ունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը հատուկ անդրադարձ կկատարեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերին։
Բանակցությունների առանցքում են լինելու նաև տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։ Մասնավորապես, քննարկվելու են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացմանն ուղղված քայլերը։




















