Դատախազությունը պահանջում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
- 2 hours ago
- 1 min read

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևան քաղաքում, իսկ 1-ը՝ Կոտայքի մարզում.
4 տրանսպորտային միջոց.
5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ ավանդ.
բանկի 30 հատ պարտատոմս.
1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք:




















