top of page

Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Վերաքննիչ դատարանում 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով այսօրվա նիստի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր պաշտպաններից՝ հայտարարելով, որ նրանք պրոֆեսիոնալ չեն գործել, իրեն սխալ են ուղղորդել, նրանց խորհրդով համաձայնել է փորձագետների չհարցաքննելուն, համաձայնել է վկայի ցուցմունքի հիման վրա փորձաքննություն չնշանակելուն և այլն, և այլն։ Այս մասին հայտնում է Panorama-ն՝ հավելելով, որ Ջալալ Հարությունյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նաև հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանին՝ նշելով, որ նա անկողմնակալ չէ, զոհվածների ծնողների և հարազատների հետ ողջագուրվում է։ Նիստին պաշտպանները ներկա չեն եղել։ «Մենք ստացել ենք Հարությունյանից ծանուցում, որ հրաժարվում է մեզանից, դրա մասին էլ դատարանին հայտնել ենք, որևէ այլ բան չունենք հայտարարելու»,-Panorama-ի հետ զրույցում ասաց Ջալալ Հարությունյանի արդեն նախկին պաշտպաններից Էդգար Այվազյանը։

Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը լրատվականի հետ զրույցում համոզմունք է հայտնե՝ Ջալալ Հարությունյանն այս ամենն արել է միտումնավոր, փորձում է գործն այնքան ձգձգել, մինչև լրանա վաղեմության ժամկետը։ Այդ ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 12-ին։

«Միանշանակ միտումնավոր քայլ է, նպատակը ժամանակ ձգձգելն է, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա»,- ասել է Սիմոնյանը։


Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Ջ. Հարությունյանին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


1/2701
bottom of page