Առավոտից երեկո օդային տագնապի ձայները չեն դադարում․ իրավիճակը Թել Ավիվում ևս անվերահսկելի է
Մերձավոր Արևելքում պատերազմը ժամ առ ժամ ավելի ուժգին է դառնում։ Արաբական լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելի «ձեռքերը» հասել են նաև Սիրիա, որտեղ դեռ նախորդ պատերազմից ուշքի չէին եկել։ Չնայած Իսրայելն ԱՄՆ հովանավորությամբ պարբերաբար հրթիռակոծում է Լիբանանը, Գազայի հատվածն ու սիրիական քաղաքները, այնուամենայնիվ, Թել Ավիվում և իսրայելական մյուս բնակավայրերում խաղաղ բնակչության համար ապահով չէ։
«Առավոտից երեկո օդային տագնապի ձայները չեն դադարում։ Ռազմական բազաների թիրախավորման քողի տակ շարունակաբար գնդակոծվում են մեր քաղաքները։ Օրվա մեծ մասն անց ենք կացնում ապաստարաններում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Իսրայելից Հայաստան եկած Գառնիկ Սարոյանը։ Նրա ընտանիքը 15 տարի ապրում է Թել Ավիվում։
Գառնիկը կնոջ և ավագ որդու ընտանիքի հետ մեկ շաբաթ առաջ եկել է Հայաստան՝ մասնակցելու եղբոր որդու հարսանիքին։ Իրադարձություններն այնպես են զարգացել, որ ստիպված մնացել են։ «Փոքր տղաս ընտանիքով մնացել է Իսրայելում։ Ասում է՝ «ձեր գնալուց հետո իրավիճակն ավելի է վատացել, մի եկեք», մենք էլ ստիպված մնացել ենք Աշտարակում, սպասում ենք, իրավիճակը հանդարտվի, գնանք։ Չնայած գիտակցում ենք, որ պատերազմը, կարծես, նոր է սկսվում։ Թե որքան պետք է մնանք հայրենիքում, առայժմ անորոշ է, ինչպես անորոշ է այս հակամարտության ելքը»,- ասաց նա։
Comments