top of page

«Ժողովուրդ». Մարզպետ Սարգսյանի «բերած» «խոպանչի» խորհրդականը չորսից-վե՞ց անշարժ գույք ունի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 2 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում կադրային սովն ամեն անգամ ավելի ընդգծված է արտացոլվում, երբ ուսումնասիրում ենք պաշտոնյաների՝ իրենց հետ պաշտոնի բերած անձանց կենսագրությունը եւ ունեցվածքը:

Օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իր օգնական, ապա խորհրդական, իսկ այժմ տեղակալ է նշանակել Ջանիկ Բազեյանին, ով մինչ քաղաքական դաշտում հայտնվելը 4 տարի՝ 2014-2018 թվականներին, աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում եւ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «խոպանչի» է եղել:

2018 թվականից մինչեւ 2020 թվականը հարցական է, թե Բազեյանն ինչով է զբաղվել. կենսագրության այս 2 տարին բաց է թողնված։

2020 թվականից սկսվող կարիերայում Բազեյանը, երբեւէ պետական պաշտոն չզբաղեցնելով, վերադարձել է հայրենիք եւ միանգամից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում դարձել կոմիտեի նախագահի օգնական։

Իսկ այդ ժամանակ նախագահը ներկայիս մարզպետ Կարեն Սարգսյանն էր։

2021 թվականին, երբ Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Ջանիկ Բազեյանը տեղափոխվեց մարզպետարանի աշխատակազմ՝ շուրջ երեք տարի աշխատելով որպես մարզպետի օգնական։ 2024 թվականին նա երկու ամսով անցավ խորհրդականի պաշտոնին, իսկ նույն տարվա մարտից նշանակվեց մարզպետի տեղակալ։ Բազեյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր է, սակայն կուսակցության անդամ չէ։

Ինչ վերաբերում է փոխմարզպետի ունեցվածքին, ապա նրա կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում նշված է, որ նա ունի հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում։ Բազեյանը ծնունդով հենց Ջրվեժից է։ Հողամասերից երեքը նա նվիրատվություն է ստացել երեք անձանցից, որոնք, ըստ անվանումների, ամենայն հավանականությամբ իրեն հարազատ մարդիկ են։

2023 թվականին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում սխալ կա։ Բանն այն է, որ Բազեյանը 2022 թվականի տարեսկզբին ունեցել է 3 անշարժ ցույք՝ 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս, ապա տարվա ընթացքում ստանալով եւս 3 գույք նվիրատվություն՝ տարեվերջին հայտարարագրել է 5 անշարժ գույք 6-ի փոխարեն։ Հարկ է նշել, որ առքուվաճառքի մասին հավաստող կետ հայտարարագրում առկա չէ։

2023 թվականի հայտարարագրում Բազեյանը նվիրատվություն ստացած միայն 2 հողամասն է հայտարարագրել, այնինչ պետք է հայտարարագրեր նվիրատվություն ստացած 3 հողամաս։

Բացի դրանից, նա հայտարարագրել է 4 գույք։

 
 
bottom of page