Արդար մրցակցություն և հավասարակշռված պայմաններ՝ շուկայի կայուն զարգացման համար․ Վիվա Արմենիա
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 2 min read

Արձագանքելով ԶԼՄ-ներում ու սոցիալական հարթակներում «Ֆասթ Շիֆթ», «Իդրամ», «Իզի փեյ» և «Թել-Սել» վճարահաշվարկային կազմակերպությունների հայտարարություններին՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել փաստական իրավիճակը և հերքել հրապարակված անհիմն մեղադրանքները:
Հրապարակված նյութերում ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրում է փաստերը և միտված է հանրության մոլորեցմանը՝ ստեղծելով անհիմն բացասական պատկերացում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գործողությունների մասին և վնասելով վերջինիս բարի գործարար համբավը:
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հանդես է եկել ոչ թե միջնորդավճարների կամայական նվազեցման պահանջով, այլ արդարացի և տնտեսապես հիմնավորված առաջարկով: Մասնավորապես ընկերությունն առաջարկել է էլ. հաղորդակցության ծառայությունների համար գանձվող միջնորդավճարները համապատասխանեցնել կոմունալ ծառայությունների համար կիրառվող սակագներին, որոնք էապես նվազ են «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ից գանձվող միջնորդավճարներից։
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի առաջարկը հիմնվորված է այն հանգամանքով, որ ինչպես կոմունալ, այնպես էլ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վճարումներն ունեն պարբերական բնույթ և վճարումների ընդունումը, մշակումը և փոխանցումը իրականացվում է միևնույն եղանակով: Ուստի, առկա չէ որևէ հիմք, թե ինչու համանման ծառայությունների համար պետք է կիրառվեն էապես տարբեր սակագներ։
Այդուհանդերձ, վճարահաշվարկային ծառայություններ մատուցող վերոհիշյալ ընկերություններն ամբողջովին մերժել են նշված առաջարկը՝ առանց տնտեսապես հիմնավորված պատճառաբանության, և դրանցից որևէ մեկը հանդես չի եկել որևէ հանդիպական առաջարկով:
Ակնհայտ է, որ միջնորդավճարների սահմանման հարցում խտրական մոտեցումը չի կարող համարվել արդարացված։ Երբ նույնատիպ տեխնիկական գործընթացի համար կիրառվում են էականորեն տարբեր սակագներ՝ առանց օբյեկտիվ հիմնավորման, դա վկայում է շուկայական արդարության խախտման մասին, ինչն անընդունելի է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի համար:
Ավելին, վճարահաշվարկային ծառայություններ մատուցող չորս խոշոր ընկերությունների կողմից միջնորդավճարների վերանայման վերաբերյալ առաջարկի կատեգորիկ մերժումը առաջացնում է կասկած հնարավոր հակամրցակցային համաձայնության վերաբերյալ։ Ընկերության կարծիքով նման վարքագիծը սահմանափակում է շուկայական մրցակցությունը և վնաս է պատճառում ինչպես էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին, այնպես էլ վերջնական սպառողներին:
Հարկ է փաստել, որ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող վերոհիշյալ ընկերությունները մի կողմից ցուցաբերում են կոշտ դիրքորոշում և զուգահեռաբար փորձում են հասարակության մոլորեցման և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դիմելու միջոցով հանրային և վարչական ճնշում գործադրել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների նկատմամբ։ Ի տարբերություն դրա «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն մշտապես ձգտել է և ձգտում է կառուցողական երկխոսության և պատրաստ է վերսկսել բանակցությունները և վերահաստատել համագործակցությունը՝ ակնկալելով, որ նշված վճարահաշվարկային ընկերությունների սակագները կձևավորվեն արդար, տնտեսապես հիմնավորված, մրցակցային և փոխշահավետ կերպով։ Այդուհանդերձ, ընկերությունը տեղի չի տալու անհարկի ճնշումներին, վճռական է գտնվելու իր շահերը հետևողական կերպով պաշտպանելու հարցում՝ վերապահելով բոլոր իրավունքները, ներառյալ սեփական հայեցողությամբ իր գործարար համբավի պաշտպանության և կրած վնասների հատուցում պահանջելու հարցում։
Կոչ ենք անում համապատասխան վճարահաշվարկային ընկերություններին վերանայել իրենց վարքագիծը, զերծ մնալ Ընկերության վերաբերյալ պախարակող տեղեկություններ տարածելուց և անխոհեմ քայլերից։
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել իր բաժանորդներին, որ ծառայությունների համար վճարումները հնարավոր է կատարել.
ՀՀ բանկերի օնլայն բանկինգի և վճարային տերմինալների միջոցով
«ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով, մասնաճյուղերում, տերմինալներով
«My Viva» հավելվածի միջոցով
Viva-ի «Առցանց վճարման» էջի միջոցով
ՀՀ բանկային փոխանցմամբ
ՀՀ բանկերի մասնաճյուղերում
«Հայփոստի» փոստային բաժանմունքներում
«Լիցք» վաճառակետերի ցանցում
Viva-ի բաժանորդը նաև կարող է առանց որևէ վճարի ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդից «Փողանցում» ծառայության միջոցով:




















