Անհրաժեշտ է ԶՊՄԿ-ում բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։
Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ։
Հաշվի առնելով ԶՊՄԿ ընկերության ահռելի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար` անհրաժեշտ է ժամ առաջ ընդառաջ գնալ ոլորտի արհմիության և աշխատողների առաջարկներին և գործուն քայլեր ձեռնարկել վերոնշյալի վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման համար։ Հայտնի է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 8 աշխատակից ստեղծված իրավիճակի ֆոնին աշխատանքից հեռացվել է։ Չնայած աշխատանքը վերսկսելու՝ ընկերության հորդորներին, գործադուլը շարունակվում է:




















