top of page

Կոչ ենք անում ՀՀ վարչապետին հրապարակայնորեն ներողություն խնդրել. Ավստրիայի հայ թեմ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը խոր մտահոգությամբ է անդրադառնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Եպիսկոպոսաց դասի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին։

Նման դատապարտելի կեցվածքն անընդունելի է ոչ միայն յուրաքանչյուր քրիստոնյայի, առավել ևս՝ Հայ Առաքելական Եկեղեցու զավակի համար, այլև խորապես հակասում է պետական առաջնորդի դիրքին և նրան վայել զսպվածությանն ու պատասխանատվությանը։ Այդպիսի խոսքն անհարիր է մեր ժողովրդի դարերով կերտված հոգևոր-բարոյական արժեհամակարգին և խաթարում է ազգային միասնության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի առանցքը, նրա ինքնության, պատմության ու մշակույթի կենդանի պահապանը։ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասը կոչված է հովվելու հավատացյալ ժողովրդին և ամրապնդելու եկեղեցու միասնությունն ու ամրությունը։ Նրանց հասցեին հնչեցված անարգանքը ոչ միայն վիրավորական է, այլ նաև վտանգավոր՝ որպես ոտնձգություն մեր հոգևոր ինքնության և հասարակության խաղաղ համակեցության հանդեպ։

Հետևաբար կոչ ենք անում ՀՀ վարչապետին հրապարակայնորեն զղջալ իր խոսքերի համար և ներողություն խնդրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու մեր հավատացյալ ժողովրդից։

Աղոթում ենք, որպեսզի Աստված մեր ժողովրդին պարգևի խաղաղություն, իմաստություն և փոխադարձ հարգանք՝ վստահ լինելով, որ մեր Սուրբ Եկեղեցին՝ հավատարիմ իր աստվածահաճո առաքելությանը, շարունակելու է սիրո, համբերության և հույսի ճանապարհով առաջնորդել իր զավակներին։

bottom of page