Սա բարոյական վախճան է, ստիպում են ազատել մի մարդու, ում ղեկավարությամբ երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ռեկտորը, կամակատար լինելն այս տեսքն ունի. Խաչիկ Աբաջյան
- Jul 11, 2025
- 1 min read

Եթե նվաստանալ, ապա մինչև վերջ, եթե իջնել, ապա մինչև անհատակ անդունդի խորքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը:
«Ինչպես ավելի վաղ ասում էի, ԵՊՀ ռեկտորը Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ազատել է նաև Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին: ԵՊՀ կայքում արդեն տեղադրված է դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի հայտարարությունը:
Իսկ ինչո՞ւ է հեռացրել, ի՞նչ հիմքով: Հարցը պետք է հռետորական լինի: Սա էլ «չեն ուզել, ստիպել են»:
Եթե որևէ մեկը կփորձի ասել, որ «ժամկետն է լրացել» կամ այլ մտացածին պատասխան, ապա պատրաստ եմ հանրային բանավեճի ժամանակ ապացուցել, որ նա ստախոս է:
Ի դեպ, այստեղ ևս խախտումներն ակնհայտ են: ԵՊՀ կանոնադրությունը և դեկանների ընտրության ընթացակարգը պահանջում են դեկանի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարել ժամկետի ավարտից երկու ամիս առաջ, իսկ այդ ընթացքում դեկանը պաշտոնավարում է մինչև ժամկետի ավարտը: Այս դեպքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանը ծանուցում է ստացել և ազատվել աշխատանքից: 2020 թվականից սկսած՝ որպես Հոգաբարձուների խորհրդի եւ Գիտական խորհրդի անդամ, քաջատեղյակ եմ գործընթացի բոլոր մանրամասներին և պիտի ասեմ, որ որևէ դեկան մրցույթի ընթացքում ծանուցմամբ չի ազատվել աշխատանքից:
Ավելի զավեշտալի է այն, որ չի եղել որևէ նիստ, որտեղ ԵՊՀ ռեկտորը իր շնորհակալությունը չհայտնի Սրբազան հորը հերթական ներդրումը բերելու, իր կապերն օգտագործելով՝ ԵՊՀ հեղինակության բարձրացմանը նպաստելու, նոր համագործակցություններ հաստատելու, այս կամ այն խնդիրը լուծելու համար:
Սա բարոյական վախճան է: Ստիպում են ազատել մի մարդու, ում ղեկավարությամբ երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ ռեկտորը (մինչ ռեկտոր դառնալը և հիմա էլ նա շարունակում է հանդիսանալ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս), ում մասին մշտապես խոսել է ակնածանքով, շնորհակալական խոսքերով:
Կամակատար լինելն այս տեսքն ունի:
Հ.գ. Տեսնենք հաջորդն ով է»,-գրել է նա:




















