«Թող հարության հույսն ու հավատքը մշտապես զորացնեն և ուղեկցեն մեզ այս կյանքում». այսօր Հայոց Եկեղեցում Կանաչ կիրակին է
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
Այսօր Հայոց Եկեղեցում Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին է:
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է՝ այս տոնը մեզ մտովի տանում է առաքելական շրջան, երբ Երուսաղեմի Վերնատան մեջ առաքյալների կողմից հիմնվեց աշխարհի առաջին մատուռը` եկեղեցին:
«Նույն այս Վերնատանը Հիսուս հաստատեց նաև Ս. Հաղորդության կենդանարար խորհուրդը, առանց որի իմաստազուրկ է քրիստոնյայի կյանքը:
Այստեղ նաև Հոգեգալստին Ս. Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա, որից հետո նրանք առանց երկմտելու արիաբար գնացին և տարածեցին Ավետարանն ամբողջ աշխարհում:
Օրվա խորհուրդն ասես մեզ կապում է Տիրոջ առաքյալների և առաջին քրիստոնյաների հետ, որոնք «հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման և աղոթքների մեջ» (Գործք Բ 42):
Իսկ տոնին տրված «Կանաչ» մակդիրը Քրիստոսի հարությամբ բնության և մարդկային կյանքի վերազարթոնքի խորհուրդն ունի: Թող հարության հույսն ու հավատքը մշտապես զորացնեն և ուղեկցեն մեզ այս կյանքում՝ դյուրությամբ հաղթահարելու բոլոր խնդիրներն ու խոչընդոտները»,- նշել է Հայր Զաքարիան։