top of page

ՀՀ իշխանությունները հաճոյանում են Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով բոլոր պահանջները. թյուրքագետը՝ արցախցու հետ միջադեպի մասին

Feb 2, 2025
2 min read

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է  Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի երեկվա ձերբակալությանը՝ ընդգծելով, որ առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով: Նրա համոզմամբ՝ սա առաջին հերթին խոսքի ազատության, հակաթուրքական (այսինքն՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։Ըստ Գեղամյանի՝ այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ստորև ներկայացնում ենք թյուրքագետի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ.«Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։

Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։

Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։

Սա առաջին հերթին խոսքի ազատության սահմանափակում է։

Սա հակաթուրքական (կարդա՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։

Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դեպքերից չէ, նախորդը, օրինակ,՝ ԱԺ դահլիճում Արցախի քարտեզը հեռացնելն էր։

Այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատե՛ք ինքներդ։

Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցացնում։ Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտության պայմանագրով» թուրք սպանները պետք է տեղակայավեին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկեին, որ հայերը չխոչընդոտեին թուրքական զորքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։

Ուստի դիմադրել է պետք։

Դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ։

Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի։

Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ էսչափ չէին ճնշի։

Ուստի պայքար մինչև հաղթանակ»։Հիշեցնենք, որ դատարնը մերժել էՀանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը, նա ազատ է արձակվել: Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ  նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգն ադրբեջաներեն երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված տեսանյութը բուռն քննարկումների առիթ էր դարձել: ԱԱԾ-ն պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

 
 
1/3798
bottom of page