Որևէ մեկն իրավունք չունի իր կեղտոտ մտքերով, ձեռքերով, ոտքերով մտնել որևէ մեկի անձնական տիրույթ. Աղազարյանը՝ Փաշինյան-եկեղեցի հակամարտության մասին

Եկեղեցու ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սրված հարաբերությունները շարունակում են քաղաքական դաշտում քննարկումների կենտրոնում մնալ։ Aysor.am-ի հետ զրույցում նախկին քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը խիստ անընդունելի համարեց վարչապետի կողմից հնչող գնահատականները հոգևոր կառույցի հասցեին՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների հավասարակշռության խախտման տեսանկյունից։Ըստ պատգամավորի՝ ներկա իրավիճակը կարող է լինել նպատակաուղղված և կապված է սպասվող վտանգավոր զարգացումների հետ։
«Մարդիկ գիտեն իմ վերաբերմունքը եկեղեցու և կրոնի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ամենասարսափելի բանը, որ մարդկությունը ստեղծել է՝ կրոնն է։ Աթեիստ չեմ, հավատացյալ էլ չեմ, բայց ես ինձ համարում եմ քրիստոնյա, որովհետև այդ արժեհամակարգը կիսում եմ։ Այս համատեքստում համարում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին հսկայական կարևոր դերակատարություն է ունեցել հայապահպանության գործում»։
Աղազարյանը խիստ անընդունելի է համարում վարչապետի գնահատականները հոգևոր կառույցի հասցեին՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների հավասարակշռության խախտման տեսանկյունից։
«Այս փոխադարձ վիրավորանքները, որի նախաձեռնողը վարչապետն է, շատ անընդունելի են ինձ համար։ Ես այն սկզբունքի տերն եմ, որ պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, եկեղեցին էլ՝ քաղաքականությանը»։
Նա միաժամանակ նշեց, որ եթե որևէ հոգևորական օրենք է խախտել, ապա պետք է պատասխան տա բացառապես իրավական ճանապարհով՝ առանց անձնական տիրույթ ներխուժելու.
«Եթե որևէ եկեղեցական թույլ է տվել հանցագործություն՝ ըստ Քրեական օրենսգրքի, ապա տվյալ անձը պետք է պատասխան տա օրենքի առաջ։ Բայց որևէ մեկն իրավունք չունի իր կեղտոտ մտքերով, ձեռքերով, ոտքերով մտնել մեկ ուրիշի անձնական տիրույթ»։
Սակայն, Աղազարյանի համար, այս ամենը երկրորդական են ներկա իրավիճակում, կարևորն այլ բան է։
«Այս ամեն ինչը երկրորդական է։ Ես անհանգստություն ունեմ, որ վարչապետը փորձում է ինչ-որ իրավիճակ ստեղծել, որովհետև առաջիկայում հնարավոր է ստորագրվեն փաստաթղթեր, որոնք կարող են ճակատագրական լինել մեր պետության համար»,-եզրափակեց Հովիկ Աղազարյանը։




















