Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան
Ժամը 16։00-ին լինելու է Աժ խորհրդի նիստը, որտեղ դրվելու է քննարկման կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Կարծում եմ՝ դրական կարծիք կլինի: Այն մարդիկ, որոնք երկար տարիներ խորհրդարանի հնաբնակներն են, ասում են, որ ամբողջությամբ իրատեսական է քառօրյա նիստերի ժամանակ նաև արտահերթ նիստ անցկացնելը: Դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչի՞ց է ենթադրում, որ դրական եզրակացություն կլինի՝ հաշվի առնելով, որ ԱԺ խորհրդի կազմում մեծամասնությունը ՔՊ-ական պատգամավորնեն են, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Այն, ինչ մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության և տրամաբանության մեջ է մտնում։ Մենք մեր հնարավորություններն իրավունք ունենք ռեալիզացնելու։ Դա մեր գործիքակազմերից մեկն է։ Եթե փորձեն խոչընդոտել՝ իրենց չի ստացվի, կարծում եմ»:
Դիտարկմանը, որ իշխանական պատգամավորները բացառում են քվե տալ Բագրատ Սրբազանին, պատգամավորն ասաց․ «Իրենք տեսախցիկի առաջ մի բան են ասում, ուրիշ տեղեր՝ լրիվ ուրիշ բան են ասում։ Մեր հանրահավաքներին իրենց բարեկամներից, հարազատներից, ընտանիքի անդամներից մարդիկ են լինում: Շատ պատգամավորների եղբայրներն էլ են մասնակցում։ Ասում են, որ այդ պատգամավորները գերի են այնտեղ, որ իրենք էլ հաշտ չեն այդ իրականության հետ։ Ոչ բոլորը, բայց այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ ու իրենք են ուզում, որ մարդիկ հավաքվեն ու այդ ճնշման արդյունքում իրենք էլ մասը կազմեն այս գործընթացներին: Եթե մեր քաղաքացիները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն այլեւս իշխանություն չէ, իրենք իշխանություն չեն լինելու: Երեկ տեսաք, որ հրապարակը լեփ-լեցուն է, բայց կարեւոր է նաեւ, որ այդ մարդիկ մասնակցեն ակտիվ գործողությունների»:
Խոսելով նրան, որ Բագրատ Սրբազանի երկքաղաքացիությունը խոչընդոտ է, որ նա առաջադրվի վարչապետի թեկնածու, Դանիելյանն ասաց. «Այդ հարցը կլուծվի: Շատ բաներ կան, որոնց մասին չեն կարող հրապարակայնորեն ասել: Դուք կտեսենք: Ամեն ինչ նորմալ է, թողեք հերթականությամբ գործընթացները գնան, այսօր ժամը 4-ին տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ, մնացած բաների մասին կխոսենք»:
Comments