top of page

Կաթողիկոսն ընդունել է Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ

  • 6 hours ago
  • 1 min read

Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։

Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին։

 
 
1/3464
bottom of page