Թրամփը Coca-Cola-ին «համոզել» է փոխել գազավորված ըմպելիքների բաղադրատոմսը
- Armen Sukiasyan

- Jul 17
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola ընկերությունը համաձայնել է ԱՄՆ-ում վաճառվող գազավորված ըմպելիքներում օգտագործել շաքարեղեգի շաքար։ Coca-Cola-ի ամերիկյան արտադրանքում ներկայումս օգտագործվում է եգիպտացորենի օշարակ, սակայն առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը մտահոգություն է հայտնել այդ բաղադրիչի՝ առողջության վրա ազդեցության վերաբերյալ, գրում է BBC-ն:«Ես խոսեցի Coca-Cola-ի հետ ամերիկյան տարբերակում իրական շաքարեղեգի շաքար օգտագործելու մասին, և նրանք համաձայնեցին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Coca-Cola-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր կայացրել են այս որոշումը», - գրել է Թրամփը Truth Social-ում: Առանց գազավորված ըմպելիքի բաղադրատոմսի փոփոխության լուրն ուղղակիորեն հաստատելու՝ Coca-Cola ընկերության խոսնակը նշել է, որ իրենք «գնահատում են նախագահ Թրամփի ոգևորությունը» և «շուտով կկիսվի Coca-Cola-ի շարքի նորարարական ապրանքների մասին մանրամասներով»։
Չորեքշաբթի իր հրապարակման մեջ Թրամփը հավելել է. «Սա շատ խելացի քայլ կլինի նրանց կողմից՝ կտեսնեք։ Դա պարզապես ավելի լավ է»։ԱՄՆ-ում Coca-Cola-ն սովորաբար քաղցրացվում է եգիպտացորենի օշարակով, իսկ այլ երկրներում, օրինակ՝ Մեքսիկան, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան, ավելի հաճախ օգտագործում են շաքարեղեգի շաքար։
Սակայն, շաքարեղեգի շաքարին հնարավոր անցումը կարող է դժգոհություն առաջացնել ամերիկացի եգիպտացորեն արտադրողների շրջանում։ Եգիպտացորենի վերամշակողների ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Բոդն ասել է. «Եգիպտացորենի օշարակը շաքարեղեգով փոխարինելը կհանգեցնի ԱՄՆ-ում հազարավոր աշխատատեղերի կորստի, ֆերմերային եկամուտների նվազման և արտասահմանյան շաքարի ներմուծման աճի՝ առանց որևէ սննդային օգուտի»։
ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդին և նրա Make America Healthy Again շարժումը պաշտպանում են սննդամթերքից այնպիսի բաղադրիչների վերացումը, ինչպիսիք են եգիպտացորենի օշարակը, բուսական յուղերը և արհեստական գունանյութերը՝ դրանք կապելով մի շարք առողջական խնդիրների հետ։
Ինքը՝ Թրամփն, պարբերաբար խմում է Diet Coke, որը քաղցրացված է արհեստական քաղցրացուցիչ ասպարտամով։ Նա նույնիսկ հատուկ կոճակ է տեղադրել Օվալաձև աշխատասենյակում՝ գազավորված ըմպելիքը պատվիրելու համար։




















