top of page

Կարեն Շաբոյանն ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

Mar 2, 2025
1 min read

ՀՖՖ Գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից: Տեղեկացնենք, որ Կարեն Շաբոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա, քանի որ, Գործադիր կոմիտեի նիստերին անհարգելի բացակայության պատճառով, ՀՖՖ կանոնադրության 37-րդ հոդվածի կետ 6-ի ուժով վերջինս ավտոմատ կերպով պետք է հեռացվեր ՀՖՖ Գործադիր կոմիտեից: Այս մասին ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ:

«Չցանկանալով սրել իրավիճակը՝ ՀՖՖ ղեկավարության կողմից դեռևս օրեր առաջ Կարեն Շաբոյանին առաջարկվել էր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից, ինչին Շաբոյանը պատասխանել էր, որ մոտ օրերս կուղարկի ծանուցումը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում այսպես թե այնպես քննարկվելու էր ՀՖՖ Գործադիր կոմիտեում Կարեն Շաբոյանի լիազորությունները դադարեցնելու հարցը:

Կարեն Շաբոյանը, սակայն, ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը՝ հայտարարելով ՀՖՖ Գործկոմի անդամությունից հրաժարվելու մասին հենց այս ընթացքում՝ զուգահեռաբար իր հայտարարության մեջ փաստացի արդարացնելով կարգազանց երկրպագուների խուլիգանական պահվածքը և նրանց կողմից հայկական ֆուտբոլին մեծապես ծառայող մարզադաշտի գույքի վնասումը», - ասվում է հայտարարության մեջ:Հիշեցնենք, որ Շաբոյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամությունից:«Հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։ Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։ Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել», - նշել էր նա: 

Մարտի 1-ին ՀՀ առաջնության «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» ակումբների հանդիպման ժամանակ ոստիկանությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով խաղադաշտ ներխուժած երկրպագուներին՝ 9 մարդու, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և տեղափոխել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Խաղն ընդհատվել էր երկրպագուների կողմից իրականացվող ակցիայի պատճառով: Նրանք պահանջում էին ՀՖՖ նախագահի հրաժարականը:

 
 
1/3798
bottom of page