top of page

Հայաստանում դեռահասների շրջանում սոցմեդիայի խնդրահարույց օգտագործման ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում. Հետազոտություն

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 16, 2024
  • 2 min read
ree

10 դեռահասից 1-ը պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկողության ներքո պահելու համար, և այդ միտումը Հայաստանում աճում է։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նոր տվյալները փաստում են դեռահասների շրջանում սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման կտրուկ աճի մասին, ընդ որում Եվրոպական տարածաշրջանում միջին ցուցանիշները 7%-ից (2018 թ․) հասել են 11%-ի (2022 թ․):Հայաստանյան տվյալներն արտացոլում են միևնույն միտումը․ ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում, որոնք եռապատկել են սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը՝ հասնելով 13%-ի՝ նախկինում գրանցված 4%-ի համեմատ։ Տղաների շրջանում արձանագրված ցուցանիշը 12% է՝ նախկին 6%-ի համեմատ։ԱՀԿ հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, այս ցուցանիշները մտահոգություններ են առաջացնում այն մասին, թե ինչպես են Հայաստանում և ընդհանրապես Եվրոպայում թվային տեխնոլոգիաներն ազդում երիտասարդության հոգեկան առողջության և բարեկեցության վրա: Այս տվյալները վերցված են Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունից (HBSC), որը 2022 թ․ անցկացվել է 11, 13 և 15 տարեկան գրեթե 280,000 երիտասարդների շրջանում, որոնք ապրում են 44 երկրներում և տարածաշրջաններում՝ ընդգրկելով Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Կանադան:Հայաստանին վերաբերող առանցքային տվյալներից են.• Տղաների 10%-ը և աղջիկների 13%-ը նշել են, որ պայքարում են սոցիալական մեդիայի օգտագործումը վերահսկելու համար, և այն արդեն իսկ հանգեցրել է բացասական հետևանքների:• Դեռահասների 44%-ը (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 49%) ընկերների հետ մշտական կապի մեջ է առցանց:Եվրոպական տարածաշրջանին վերաբերող առանցքային տվյալներից են.• 10 դեռահասից ավելի քան մեկը (11%) դրսևորել է սոցցանցային խնդրահարույց վարքագծի նշաններ, և հայտնել է, որ պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկելու համար ու զգում է դրանց բացասական հետևանքները: Աղջիկների շրջանում գրանցվել է սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործման ավելի բարձր ցուցանիշ, քան՝ տղաների (13%՝ 9%-ի համեմատ):• Երիտասարդների ավելի քան մեկ երրորդը (36%) հայտնել է ընկերների հետ առցանց մշտական կապի մեջ լինելու մասին (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 44%):Զեկույցը սահմանում է սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործումը որպես  կախվածության ռիսկ պարունակող հետևյալ նշանները դրսևորող վարքագիծ՝• սոցցանցերի օգտագործումը վերահսկելու անկարողություն• սոցցանցերի չօգտագործման հետևանքով առաջացող «զրկանքի համախտանիշ»• գործունեության այլ տեսակների անտեսում՝ հօգուտ սոցիալական ցանցերի• առօրյա կյանքում բացասական հետևանքների հետ առերեսում՝ սոցցանցերի չափից ավելի օգտագործման պատճառով։Սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի հետևանքներըԴեռահասների շրջանում սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճը էական մտահոգություններ է առաջացնում՝ երիտասարդների շրջանում դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Նախորդ հետազոտության համաձայն՝ սոցցանցային խնդրահարույց վարքագիծ դրսևորող օգտատերերը նաև հայտնել են իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցության մակարդակի նվազման և կախվածություն առաջացնող նյութերի օգտագործման ավելի բարձր մակարդակի մասին՝ ի համեմատ նման վարք չդրսևորողների և ոչ օգտատերերի հետ: Այս միտումը, եթե շարունակվի, կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ դեռահասների զարգացման և երկարաժամկետ առողջության վրա: Ավելին, սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը կապված է քնի պակասի և ուշ քնելու հետ, ինչը կարող է ազդել դեռահասների ընդհանուր առողջության և ուսումնական առաջադիմության վրա:

1/3212
bottom of page