ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա, ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները. Վաղարշակ Հակոբյան
- Armen Sukiasyan

- Sep 29
- 1 min read

ՔՊ պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը հորդորում է լրագրողներին ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման չգեներացնել։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա, ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ և այսօր քննարկված և քվեարկած նախագիծը դրա մասին է վկայում»,-ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի՝ ԵՄ-ի ուղղությամբ գնալու մասին հայտարարություններին։
«Մենք մեր ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսությունում լուրջ ձեռքբերումներ ունենք և մենք դա գնահատում ենք»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ միաժամանակ երկու տեղ լինել հնարավոր չէ, ինչպես ռուս գործընկերներն են պնդում, Հակոբյանը պատասխանեց. «Ունենք փաստ, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարություններ, և ունենք փաստ, որ ԵԱՏՄ անդամ ենք, խնդրում եմ այս դիտանկյունով հարցին նայեք»։
Նշենք, որ հանձնաժողովն այսօր ընդունել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։




















