Մեղադրանքը ոչ միայն շինծու է, այլև բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ. Գարեգին Խումարյան
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read

Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի. Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ ի պատասխան Քննչական կոմիտեի կողմից իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման։
«Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի այսպես կոչված մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Մեղադրանքի մասով՝ այն բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,-ասաց Խումարյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ, ինչի համար նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը)։