Հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական գործողություններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան կմնա. ժամերգություն և միասնական աղոթք՝ Վեհափառի հանդիսապետությամբ
- Armen Sukiasyan
- 4 hours ago
- 1 min read

Վեհափառ Հայրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ժամերգություն։
Եկեղեցու զանգերի ղողանջի ներքո հավատացյալները մոմերով շրջապատեցին Մայր տաճարը և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված։ Վեհափառ Հայրապետը օրհնեց հավաքված ժողովրդին և իր երախտիքի խոսքն ուղղեց ուխտավորներին՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին եկեղեցու և հոգևորականների կողքին լինելու, նրանց զորակցելու համար։
«Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ․ արտաքին սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որն ավելի է խորանում անհանդուրժողականություն ու ատելություն սերմանող քայլերի հետևանքով՝ առաջ բերելով նոր բաժանումներ։
Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումների և շինծու մեղադրանքների արդյունքում ազատազրկվում նվիրյալ հայրենասերներ ու եկեղեցականներ։ Սակայն հակառակ իշխող ուժի կողմից իրականացվող հակաեկեղեցական և դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան կմնա՝ հզոր և հավատավոր իր ժողովրդով և նույն նվիրումով շարունակելու է իր տերունական առաքելությունը՝ ծառայելով ազգին ու հայրենիքին։
Մեր կոչն է՝ հավատավոր զավակներիս ամուր մնալ հավատքի և սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Միասնական ջանքերով պետք է ամրապնդենք մեր ազգային ոգին, հզորացնենք մեր հայրենիքն ու պահենք սուրբ հավատը՝ որպես մեր ժողովրդի գոյության և ապագայի անսասան հենարան»,-ասաց Վեհափառը։
Հոգևորականների թափորը անցավ ուխատովների միջով։