Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի ապամոնտաժված տարրերը կամրացվեն ՊՆ-ին

Կառավարությունը հունվարի 13-ի նիստի ժամանակ որոշեց 2021-ի պետբյուջեի միջոցներով իրականացված Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված ճանապարհային տարրերը հետ վերցնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել ՀՀ ՊՆ-ին:
«Նկատի ունենալով, որ այդ ճանապարհային տարրերն անհրաժեշտ չեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար, ուստի նախարարությունը չի առարկել սահմանված կարգով տվյալ ակտիվները հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Պարզվել է, որ դրանք կարող են կիրառվել ՀՀ զինված ուժերի սահմանագծի սարքավորման աշխատանքների ժամանակ, ուստի նպատակահարմար է դրանք օգտագործել սահմանային ոլորտում հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածության համար»,-նշվում է որոշման հիմնավորման մեջ:




















