Պետք է երկիրը մաքրել ողբերգություններ ու դժվարություններ բերող չարիքից․ Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է.
«Այսօրվա տարերային աղետը Լոռիում, որտեղ Դեբեդ գետը դուրս է եկել ափերից և ոչնչացնում է իր ճանապարհին ընկած ամեն ինչ, նոր փորձություն է մեր ժողովրդի համար՝ համաժողովրդական զարթոնքի պատմական ներկա շրջանում։ Անչափ կարևոր է համախմբվել այս աղետի հետևանքները վերացնելու համար, սակայն միևնույն ժամանակ պետք է հստակ գիտակցել, որ կա և՛ բնական աղետի դեմ պայքարելու, և՛ հակաժողովրդական իշխանության դեմ պայքարելու ժամանակն ու անհրաժեշտությունը, բայց ո՛չ՝ մեկը մյուսի հաշվին։
Որքան որ դժվար է դիտել բնական աղետի կործանարար հետևանքներն ու դրանից տուժած մարդկանց ողբերգությունները, նույնքան հստակ է մի բան․ թե՛ բնական, և թե՛ արհեստածին կատակլիզմներն ու կորուստները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը ներկայիս խղճուկ վիճակում է։ Անհրաժեշտորեն պետք է երկիրը մաքրել ողբերգություններ ու դժվարություններ բերող չարիքից, վերականգնել վիճակը և վստահորեն առաջ գնալ։ Ուրիշ ճանապարհ չկա։
Ահա այս կարևոր պահին, սիրելի՛ հայրենակիցներ, դիմում եմ ձեզ խորին հարգանքով, սիրով ու պատասխանատվությամբ և կոչ անում, անկախ բնության կողմից դժվարութուններ ստեղծելու հանգամանքից, ակտիվ քաղաքացիական մասնակցություն ունենալ այսօրվա՝ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին, որի նպատակը բացառիկ է, քանի որ այն կարևոր ճշմարտություններ է փոխանցելու և մեր երկրի ու պետության փրկության ճանապարհն է ուրվագծելու։
Այս հանրահավաքին Բագրատ Սրբազանը կարևոր հայտարարություններ է անելու, ներկայացնելու է ժողովրդական պայքարի ճանապարհային քարտեզը, ինչպես նաև՝ այն գործողությունների ծրագիրը, որն ի վերջո հասցնելու է մեզ բոլորիս համար ցանկալի հանգրվանին՝ արդարության վերականգնմանը ձգտող ու ազգային շահերի պաշտպանությունն ապահովելուն կոչված նոր իշխանության հիմնարկեքին։
Այսօր ձեր ներկայությունն ու ոգին մեծ տարբերություն են ստեղծելու»։
Comments