top of page

Հռչակագրի հարցն Իլհամ Ալիևի առաջ քաշած հարցն է, քանի դեռ նա ՀՀ քաղաքացիություն չունի, այն քննարկման ենթակա չէ. Իոաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 21
  • 2 min read

Ընտրություններից առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի սպասել պետք չէ, հաստատ հանրաքվե ընտրություններից առաջ չի լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Ընտրություններից հետո կամ առհասարակ երբևէ կլինի, թե չի լինի, ես նույնիսկ կդժավարանամ ասել, որովհետև այս իշխանությունները շատ ռեֆորմներ են մտահաղացել, բայց այդպես էլ տեղ չեն հասցրել»,- ասաց նա:

Հարցին՝ Հանձնաժողովում երբևէ քննարկվել է Անկախության հռչակագրի տեքստի դուրս բերման հարց Սահմանադրությունից, Իոաննիսյանն ասաց. «Քննարկման ենթակա են միայն այն հարցերը, որոնք ՀՀ քաղաքացիներն են առաջ քաշում: Հռչակագրի հարցն Իլհամ Ալիևի առաջ քաշած հարցն է, քանի դեռ Իլհամ Ալիևը ՀՀ քաղաքացիություն չունի, այն քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:

Նա նշեց, որ շատ փոփոխություններ պետք է արվեն Սահմանադրության մեջ, իսկ հիմնական խնդիրը վերաբերում է իշխանությունների տարանջատմանը: Իոաննիսյանը կարևորեց նաև, որ ընդդիմությունը վերահսկողական ֆունկցիաներ ունենա, անկախ մարմիններն էլ էապես անկախ լինեն:

Հարցին՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի անդամ է դեռ, քանի որ նա հայտարարել է «Ոչ»-ի շտաբ ստեղծելու մասին, Իոաննիսյանն ասաց, որ այո, Էդմոն Մարուքյանը դեռ հանձնաժողովի անդամ է և որ վերջին անգամ մասնակցել է հանձնաժողովի քննարկումներին:

«Սա շատ էպիկ է, կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը պետք է դուրս գա հանձնաժողովից, որովհետև աշխատում է բովանդակության վրա, միևնույն ժամանակ հայտարարել է որ ինչպիսին էլ լինի բովանդակությունը, դեմ է  լինելու»,- նշեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ վերջին մեկ տարում հանձնաժողովի հանդիպումներն ու քննարկումները հաճախ չեն լինում, բայց նոր նախարարի աշխատանքը կինտենսիվանա:

Նա նաև նշեց, որ Հանձնաժողովում քննարկվել է նաև կառավարման ձևի փոփոխման հարց, բայց որոշվել է, որ կմնա նույնը՝ խորհրդարանական կառավարման ձևը:

Նշենք, որ երեկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին, նշել է. «Այժմ մեր խնդիրը ոչ թե Սահմանադրության նոր հայեցակարգի, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, և այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են արվում։ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները»:

Նախարարի խոսքով՝ իրենք բազմաթիվ քննարկումներ են նախատեսում իրականացնել քաղաքացիական հսարակության հետ, կա հանձնաժողով, որն ունի կոնկրետ անդամներ և կան քաղհասարակության այլ ներկայացուցիչներ:

1/2784
bottom of page