top of page

Սա իրական դատավարություն չէ, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար․ Ռուբեն Վարդանյանի որդի

  • 6 hours ago
  • 1 min read

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը որոշել է չբողոքարկել ադրբեջանական դատարանի սահմանած 20 տարվա ազատազրկման դատավճիռը: Այս մասին FRANCE 24-ի հետ զրույցում խոսել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Դավիթ Վարդանյանի խոսքով՝ բողոքարկումից հրաժարվելը պայմանավորված է դատարանի կանխակալ դիրքորոշմամբ։

«Սա իրական դատավարություն չէ, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար: Քաղաքացիական անձին ռազմական տրիբունալով դատելը հակասում է միջազգային բոլոր նորմերին»,- նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փաստաբաններին 2,5 տարի շարունակ թույլ չեն տվել տեսակցել հորը:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Նյուրնբերգյան դատավարության» հետ համեմատություններին՝ Դավիթ Վարդանյանը դրանք որակել է անհիմն և վտանգավոր:

Չնայած 860-օրյա անազատությանը՝ Ռուբեն Վարդանյանը լավատես է։

«Նա հորդորում է մեզ բոլորիս չտրվել վախին և պայքարել հանուն արդարության՝ չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում: Նա ոչ մեկի դեմ քինախնդրություն չունի»-, հավելել է Դավիթ Վարդանյանը։

Դավիթ Վարդանյանը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նոր վարչակազմի ջանքերը խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով որ դեռ նախորդ տարվա օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անձամբ հանձնառություն է ստանձնել աջակցել Բաքվի բանտերում պահվող հայ քրիստոնյա պատանդների ազատ արձակմանը և այդ գործընթացում զգալի դերակատարում է ունեցել նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով տարածաշրջանային այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումներում առաջնային պլան է մղել գերիների վերադարձի հրամայականը

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին Դավիթ Վարդանյանը շեշտել է որ ի վերջո հենց Հայաստանի կառավարության ուղղակի պատասխանատվությունն ու պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգ վերադարձը տուն։

«Ի վերջո, Հայաստանի կառավարության հիմնարար պարտավորությունն է ապահովել իր քաղաքացիների, այդ թվում՝ ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների անվտանգ վերադարձը տուն», - ընդգծել է Դավիթ Վարդանյանը:

 
 
1/3367
bottom of page