Երկու կառավարությունները լավ են աշխատում միմյանց հետ, և գրեթե չկան հարցեր, որոնք պահանջում են առաջնորդների միջամտությունը․ հանդիպել են Պուտինն ու Լուկաշենկոն
- Armen Sukiasyan

- 2h
- 1 min read

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, հայտնում է ТАСС-ը:
Նախագահները զրույցի ընթացքում համաձայնել են, որ երկու կառավարությունները լավ են աշխատում միմյանց հետ, և գրեթե չկան հարցեր, որոնք պահանջում են առաջնորդների միջամտությունը։
Պուտինը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին ռուս-բելառուսական հարաբերությունների բարձր գնահատականի համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ռուս-բելառուսական հարաբերությունների որակի բարձր գնահատականի համար։ Ուշադրություն եմ դարձրել այն ջերմությանը, որով խոսել եք Ռուսաստանի և մեր հարաբերությունների մասին»,- դիմել է Պուտինը Լուկաշենկոյին։
Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կյանքի են կոչում բոլոր պայմանավորվածությունները, և հարցեր գրեթե չկան։
«Մենք իրականացնում ենք բոլոր պայմանավորվածությունները՝ սկսած ռազմատեխնիկական, ռազմական, պաշտպանական համագործակցությունից մինչև տնտեսություն։ Այստեղ հարցեր գրեթե չկան»,- ասել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին Համաբելառուսական ժողովրդական հավաքի նիստում իր ելույթը գնահատելու համար։




















