ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների հետ հանդիպմանն անդրադարձել է զինվшծ ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը
- 2 minutes ago
- 1 min read

Հուլիսի 28-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումներ կատարվող պարբերական այցերի շրջանակում եղել է N բանակային զորամիավորումում, որտեղ հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպման առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթակաների նկատմամբ հրամանատարական հոգատարության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդման հարցերը։ Անդրադարձել են նաև զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը։
ԶՈՒ ԳՇ պետը կարևորել է ծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանումը՝ ընդգծելով, որ արատավոր երևույթների կանխարգելման հիմքում պետք է լինեն օրենքի և զինվորական կանոնադրությունների պահանջների խստիվ կատարումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքը և յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվությունը։
Զինծառայողներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ։
Նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու։




















