Հայտնի են կյանքի ընթացքում ուղեղի վերակառուցման հինգ հիմնական փուլերը․
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 2 min read

Մարդու ուղեղի կառուցվածքային զարգացումը տեղի է ունենում ոչ թե սահուն և ուղիղ կերպով, այլ հստակ տարանջատված փուլերի շարքով՝ «շրջադարձային կետերով»։ Նման եզրահանգման են եկել հետազոտողները՝ վերլուծելով հազարավոր մարդկանց ՄՌՏ տվյալները՝ նորածիններից մինչև 90 տարեկաններ։ Ուղեղի ցանցերի ճարտարապետությունն անցնում է հինգ փուլով, որոնք բաժանված են մոտավորապես 9, 32, 66 և 83 տարիքային սահմանագծերով։ Աշխատությունը հրապարակվել է Nature Communications (NatCom) ամսագրում։
Նախկինում համարվում էր, որ ուղեղը զարգանում է համեմատաբար սահուն հետագծով՝ արագ աճ մանկության տարիներին, գագաթնակետ հասուն տարիքում և աստիճանական անկում ծերության ժամանակ։ Սակայն նման մոդելները, ըստ հեղինակների, պարզեցնում են իրական պատկերը և հաշվի չեն առնում բարդ ոչ գծային վերակառուցումները։ Նոր հետազոտությունն առաջարկում է «նորմայի քարտեզ»՝ այն հիմնական նկարագրությունը, թե միջինում ինչպես է փոխվում ուղեղի կազմակերպվածությունը ողջ կյանքի ընթացքում։
«Մենք վաղուց գիտենք, որ ուղեղի կապերը փոխվում են տարիքի հետ, բայց մեզ պակասում էր այդ փոփոխությունների ընդհանուր օրինաչափությունների ըմբռնումը,- պարզաբանել է աշխատանքի առաջատար հեղինակ, Քեմբրիջի համալսարանի հետդոկտորանտ Ալեքսա Մաուսլին։- Սա կարևոր է, քանի որ ուղեղի ցանցերի կազմակերպվածությունը կապված է նեյրոզարգացման, հոգեկան խանգարումների և նյարդաբանական հիվանդությունների հետ»։
Թիմը միավորել է նեյրոպատկերման ինը նախագծերի տվյալները՝ ստանալով 0-ից 90 տարեկան 4216 մարդու ընտրանք։ «Էտալոնային» հետագիծը կառուցելու համար ընտրվել են նեյրոտիպիկ մասնակիցների 3802 սկանավորումներ։ Գիտնականներն օգտագործել են դիֆուզիոն-կշռված ՄՌՏ, որը թույլ է տալիս քարտեզագրել սպիտակ նյութը՝ ուղեղի հաղորդիչ «մալուխները», որոնք միացնում են տարբեր տիրույթներ։
Վերլուծությունը բացահայտել է չորս հիմնական կետ, որոնք բաժանում են հինգ փուլերը։ Առաջինը տևում է ծննդից մինչև մոտավորապես 9 տարեկանը և կապված է կապերի արագ ձևավորման ու «նոսրացման» հետ՝ արդյունավետությունը նվազում է, իսկ տեղային մասնագիտացումն աճում է։ Երկրորդ փուլը՝ 9-ից 32 տարեկանը, անսպասելիորեն երկար է ստացվել և հիշեցնում է ձգձգված «կառուցվածքային դեռահասության տարիք»՝ ուղեղն ակտիվորեն բարձրացնում է ցանցերի ինտեգրումը և տեղեկատվության փոխանցման արդյունավետությունը։ 32 տարեկանի շրջակայքում տեղի ունեցող շրջադարձն ամենաարտահայտվածն է ողջ կյանքի ընթացքում։
Երրորդ փուլը (32–66 տարեկան) բնութագրվում է հարաբերական կայունությամբ և ցանցերի սեգրեգացիայի աստիճանական աճով, ինչը համընկնում է անհատականության և ճանաչողական ֆունկցիաների կայունացման վերաբերյալ հոգեբանական տվյալների հետ։ Չորրորդ փուլը (66–83 տարեկան) արտացոլում է տարիքային փոփոխությունների սկիզբը և ցանցերի ամբողջականության նվազումը։ Վերջապես, 83 տարեկանից հետո նկատվում է գլոբալ կապակցվածության հետագա թուլացում, որի դեպքում տարիքային դինամիկան առավել քիչ արտահայտված է դառնում։
Կարևոր է, որ այս կառուցվածքային «հանգրվանները» համընկնում են կենսաբանական և սոցիալական սահմանագծերի հետ՝ սեռական հասունացման, ֆիզիկական զարգացման գագաթնակետի և թոշակի անցնելու հետ։ Միևնույն ժամանակ, հեղինակներն ընդգծել են, որ խոսքը բացառապես ուղեղի ճարտարապետության մասին է, այլ ոչ թե վարքագծի կամ հասունության մակարդակի։




















