top of page

ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը

  • 14 hours ago
  • 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց՝ չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։


Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։


Ասվածի վառ ապացույցը ներկայում հանրապետությունում ընթացող դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներն են, որոնց արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում պարբերաբար նոր դպրոցներ և մանկապարտեզներ են բացվում:


Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում և թիրախավորվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն և թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։


Հորդորում ենք կրթության ոլորտի զարգացմամբ իրապես մտահոգ քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին՝ չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին և առաջնորդվել բացառապես պաշտոնական ու հավաստի աղբյուրներով։


Նախարարությունը շարունակելու է գործել բաց և թափանցիկ՝ հանրությանը տրամադրելով ամբողջական, ճշգրիտ և փաստարկված տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ»։

 
 
1/3348
bottom of page