top of page

Սկզբում կրակելով, ապա վրաերթի ենթարկելով սպանելու մեջ կասկածվողի նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 3 հոդվածով

  • 1 day ago
  • 1 min read

Օրեր առաջ Նուբարաշենի խճուղում մահվան ելքով դիտավորյալ վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս կալանավորվել է։ 

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ օրեր առաջ քննիչները բացահայտել են Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ անձն իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է զոհին, ապա վրաերթի ենթարկել ու տեսնելով, որ նա մահացել է, դիմել է փախուստի։

Իրավապահները պարզել են, որ ենթադրյալ սպանություն կատարողը՝  Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն, «Mercedes GLE»-ով եկել է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսել է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջել է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակել։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողացել է խույս տալ կրակոցներից ու դիմել փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստել է «Mercedes GLE»-ն, հետապնդել իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկել նրան ու դիմել փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։

Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, նա բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Արդեն «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձել է հիվանդանոցից ճողոպրել, սակայն բռնվել է։

 
 
1/3549
bottom of page