top of page

Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև

  • 3 minutes ago
  • 1 min read

Հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը բաղկացած չէ միայն թղթի վրա արված հայտարարություններից: Ադրբեջանն իր հավատարմությունը խաղաղությանը հաստատել է գործնական քայլերով: Այս մասին թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ներկայում Հարավային Կովկասում խաղաղություն է տիրում: Եթե հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվեր, մեր հարևանների մոտ տեղի ունեցող հակամարտությունների կայծերը կարող էին անցնել նաև մեր տարածաշրջան», - ասել է նա:

Նախագահի օգնականը նաև դրական է գնահատել Հայաստանի գործող իշխանությունների կողմից «իրական Հայաստան» հայեցակարգի ընդունումը որպես հիմնական մոտեցում:

«Մենք գիտակցում ենք, որ հայկական կողմը նույնպես ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունը և իր քաղաքականությունը ձևավորում է այդ ուղղությամբ: Նրանք հասկացան, որ «տարիներ շարունակ վարվող օկուպացիոն քաղաքականությունը իրենց իսկ պահում էր պատանդի կարգավիճակում, և գիտակցեցին այդ ուղու սխալ լինելը» (չակերտները Tert. am-ի): Այժմ Հայաստանն ընդունում է, թե որքան կարևոր են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները իր իսկ զարգացման համար», - նշել է Հաջիևը:

Նա նաև հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը նոր աշխարհաքաղաքական իրողության մաս է և բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից։

«Որովհետև Հայաստանը նույնպես հասկանում է, որ տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների առկայությունը կարևոր է իր սեփական զարգացման համար»,- նշել է Հաջիևը։

 
 
1/3714
bottom of page