top of page

«Հրապարակ». ՔՊ–ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում

  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է․ դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար:

Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ: «Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թ. հունվարի 31-ին, ժամը 21.40-ի սահմաններում Ա. Հ․-ի եւ Գ. Մ․-ի հետ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, հարվածներ են հասցրել Ա. Կ․-ի մարմնի տարբեր մասերին, հնչեցրել հայհոյանքներ՝ վերջինիս պատճառելով հոգեկան ուժեղ ցավ եւ տառապանք»,- ասված է մեղադրականում:

Գործով վերջին նիստը փետրվարի 5-ին էր՝ Վանաձորի դատարանում, հաջորդը փետրվարի 12-ին է: Գործով անցնող 3 ամբաստանյալներից մեկը Զալիկոյի եղբայրն է՝ Ալիկ Համբարյանը, տուժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է: Գործի նյութերում առկա են դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացություններ, որոնց համաձայն՝ երեխան ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության:

Զ․ Համբարյանը մեղադրանքը չի ընդունում, փաստաբան Վահե Դանիելյանն ասում է. «Իմ պաշտպանյալները չեն հետապնդել այդ երեխային, դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Առավել եւս՝ չեն ծեծել»: Դեռ դատավճիռ չկա, բայց հարցն այն է, թե ինչու է ՔՊ-ն ծեծի համար դատվող անձանց պատգամավոր դարձնում: Գուցե ապագա խորհրդարանում ե՞ւս ՔՊ-ն «ծեծողների» կարիք կունենա: 

 
 
bottom of page