«Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
- 2 hours ago
- 2 min read

«Մուլտի Ուելնես կենտրոն» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, ընկերությունը դատարանից պահանջում է
1. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 08.06.2026 թվականի «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից հրաժարվելու մասին» հ. 01/74745-26 ծանուցմամբ արտահայտված՝ Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև 10.10.2016թ. կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» հ. 1439 պայմանագրից հրաժարվելու (այն լուծելու) գործարքը։
2. կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14.07.2026 թվականին կատարված՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի (ներկայիս հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 22) անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր՝ 01-006-0131-0003) նկատմամբ «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի դադարեցման և Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ վերականգնելով «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի պետական գրանցումը։
Հայցադիմումը դատարանը ստացել է օգոստոսի 3-ին։ Այն հաջորդ օրը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին։
Տես նաև՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը. Արման Փիրոյան
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։
«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն»,- ասել է Ավինյանը։
Կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանը ի պատասխան Ավինյանի մեկ այլ հայտարարության, ըստ որի «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով, քաղաքապետարանին մեղադրել էր կենտրոնի ողջ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ.
«Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։
Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը»։




















