«Փաստ». ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 18-ին Գարեգին Երկրորդ Շինարար Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության, որի ավարտին Նորին Սրբությունը իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավորների։
Ներկայացնելով բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած հայ իրականության ներկա մտահոգիչ իրավիճակը՝ Վեհափառ Հայրապետն իր խոսքում շատ կարևոր դիտարկում էր կատարել, որը ուզում եմ մեջբերել. «Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-Պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ»։ Այս մեջբերումից առանձնացնենք «Եկեղեցի-Պետություն հարաբերությունները վերականգնելու» Վեհափառ Հայրապետի լավատեսական միտքը։
Ինչպես արդեն մեկ անգամ անդրադարձել էի, Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը նման միտքը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզ էր ներկայացրել։ Սրբազան հոր այդ հոդվածը բավականին տարածում է գտել, և, կարծում եմ, ՀՀ իշխանություններին նույնպես այն հասու պետք է լիներ։ Ես նույնպես, անդրադառնալով Սրբազանի այդ առաջարկին, վստահություն էի հայտնել, որ այն մեծ մասամբ համահունչ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսակետներին ու հարցի կարգավորման տեսլականին։




















