top of page

Կեղծ լուրեր տարածեցին, թե ես եմ վարչապետի խորհրդատուն. կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում ճշմարտությունը կհաղթանակի. Անուշավան Սրբազան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 2 min read
ree

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ։

-Պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն մեր տեղեկություններով՝ որեւէ առաջադրում չի եղել: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին, ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆակուլտետին:

-Օգոստոսի 28-ին, ըստ կարգի, պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն, որքան տեղյակ եմ, դիմումներ չեն ներկայացվել, եւ դեկանի պարտականությունները ժամանակավորապես տրվել են նույն ֆակուլտետի երկարամյա դասախոս, դոցենտ, կրոնագիտության ամբիոնի վարիչ պարոն Պարգեւ Բարսեղյանին։ Պարոն Բարսեղյանը ֆակուլտետի ակունքներում կանգնած անձնավորություն է:

Որեւէ արտառոց իրավիճակ չեմ տեսնում։ Ֆակուլտետը շարունակելու է իր գիտակրթական ուղին՝ ժրաջան ուսանողներով եւ դասախոսներով։ Ֆակուլտետն ունի շատ ամուր հիմքեր՝ ձեւավորված առաջին դեկանի՝ երջանկահիշատակ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի եւ ֆակուլտետի այն ժամանակվա դասախոսների ջանքերով։

-Սրբազան հայր, Դուք շարունակելո՞ւ եք նոր ուսումնական տարում դասավանդել ֆակուլտետում, թե՞ լքել եք ֆակուլտետը: Արդյոք կա ֆակուլտետում լարվածություն:

-Աստվածաբանության ֆակուլտետը մեծ ընտանիք է, բայց երբեք չենք մոռանում այդ ջերմ ընտանիքում նախանձախնդիր կերպով մեր պարտականությունները իրացնել՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսական կազմը։ Ես շարունակելու եմ դասավանդել ֆակուլտետում, լինելու եմ ֆակուլտետի կողքին՝ սատարելով թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսներին։

Հարկ եղած դեպքում, շարունակելու եմ նույն ոգով իմ օգտակարությունը բերել համալսարանին, ֆակուլտետին, որը մեր մեծ ու սիրելի տունն է։

-Դեկանի պաշտոնից Ձեր ազատմանն առ այսօր չեք արձագանքել: Ձեր լռությունը նշանակո՞ւմ է, որ պատճառները ԵՊՀ ծիրից դուրս է պետք փնտրել: Հիմնական վարկածն այն է, որ պատճառը լոկ այն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եք…

Անկեղծ, դժվարանում եմ այս հարցին պատասխանել, դժվար է ասել, թե ինչն էր դրդապատճառը։ Ձեզ հայտնի որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ, պատվերով իհարկե, եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ լուրեր տարածեցին, թե իբրեւ ես եմ վարչապետի խորհրդատուն, ցավոք, տեղյակ ենք, թե պատվերը որտեղից է եղել եւ ինչ ամոթալի նպատակ է հետապնդել։ Կարծում եմ, որ ոչ հեռու ապագայում ճշմարտությունը կհաղթանակի:

Դեկանի պարտականությունից ազատման պատճառը, պաշտոնական տեղեկատվությամբ՝ պաշտոնավարման ժամկետի լրանալն է: Ավելիի համար, խնդրեմ, կարող եք դիմել համապատասխան կառույցին։

Ես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ, այո, դեռ 1989 թվականից ապրել եմ վանքում, որպես մարդ ձեւավորվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իմ տունն է՝ պատանության տարիներից ի վեր։    

-Ի՞նչ կմաղթեք կրթության մշակներին եւ ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: ԵՊՀ-ականները կունենա՞ն Ձեր օրհնությունն այս տարի եւս:

-Մաղթում եմ, որ շատ սիրեն իրենց կրթական հաստատությունը, նախանձախնդիր կերպով վերաբերեն իրենց պարտականություններին, շենացնեն իրենց բուհը կամ դպրոցը, նույն ջերմեռանդությամբ եւ պատասխանատվությամբ, ինչպես կշենացնեն իրենց տունը։ Եվ Արարիչ Աստված, որ ներկա է մեր մեջ, վստահ եմ, որ կարժանացնի մեզ յոթնարփյան շնորհներին։

 
 
1/2960
bottom of page