Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր
- Armen Sukiasyan
- 12 hours ago
- 1 min read

Հունիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում «Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում հայտնաբերվել են 4 կրակված և 1 չկրակրված պարկուճներ, արնանման հետքեր և «Opel» մակնիշի կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա է կրակոցի հետք։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները ու քննիչները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։