Քաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի՝ դարձնելով աղքատների ԶՈւ. Մանուկյան
- Armen Sukiasyan
- 8 hours ago
- 1 min read
Սա ուղղակի խայտառակություն է, դարձնում են աղքատների Զինված ուժեր. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկայնը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական այն նախագծին, որով 18 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս։
«ՀՀ քաղաքացիներին երկու դասակարգի են բաժանում՝ փողատերերի և ոչ փողատերերի։ Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում անել։ ՀՀ Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ պարտականությունը կատարելու հարցում, բայց այս նախագծով պարզվում է, որ 20 մլն ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայություն իրականացնեն»,-ասաց նա։
Մանուկյանը շեշտեց, որ նախագիծը խիստ անարդարություն է հաստատելու և որևէ արդարացում չի հիմնավորվում։
«Այս առումով հիմնավորումներին արդարացում չկա, որ ասում են՝ մեկա հարուստների երեխաները չեն ծառայում, այսինքն՝ ընդունում են, որ փողով բանակից ազատում են, բա այս 7 տարի ի՞նչ էին անում»,-ասաց նա։
Հարցին, թե, ըստ նրա, նախագծի նպատակը ո՞րն է, Մանուկյանը նշեց. «Նպատակը բյուջե լցնելն է, բայց կասկածում եմ՝ այդքան մարդ կհամաձայնվի այդ գումարները վճարել, շատ շատերի էլ ահռելի վարկերի տակ են դնելու, տներ գրավադնեն, որ կարողանան գտնել այդ 15-20 մլնդրամը։ Սա ուղղակի խարխլում է ԶՈւ կազմավորման անկյունքարայի բոլոր նորմերը»,-ասաց նա։